ԿարևորՀասարակություն

ՀՀ բնակչությունը 2012-ի առաջին 9 ամիսների կտրվածքով պաշտոնական ցուցանիշերի համաձայն նվազել է ավելի քան 130 հազարով

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է այս տարվա առաջին 9 ամիսների ցուցանիշերը հանրապետությունում ժողովրդագրական վիճակի, իրավախախտումների, անշարժ գույքի եւ բազմաթիվ այլ ոլորտների հետ կապված: Ցուցանիշերը կազմում են մի ամբողջ հաստափոր զեկույց, ներառում բազմապիսի մանրամասներ, որոնք այսօր ներկայացրել են Ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, սոցիալական ոլորտի եւ բնապահպանության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը: Հայաստանյան վիճակագրությունն իր բազմապիսի գնահատականներով եւ դիտարկումներով հայաստանյան իրականությունը ներկայացնում է առավելապես ավելի մռայլ գույներով: Նախորդ տարվա համեմատ` վիճակագրական ցուցանիշերն ավելի են «մռայլվել» ժողովրդագրական ցուցանիշերի առումով: Առկա բնակչությունը այս տարվա առաջին 9 ամիսների կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պաշտոնական ցուցանիշերի համաձայն նվազել է ավելի քան 130 հազարով: Թեեւ միգրացիայի հստակ տվյալների հաշվարկը հնարավոր չէ, սակայն նժարը թեքվում է դեպի Հայաստանի սահմանը դեպի դուրս հատողների կողմը:

Հունվարի սեպտեմբերի հանրապետությունում ծնունդները նվազել են մոտ 3 տոկոսով: Մահերն էլ են նվազել, սակայն ընդամենը 0.8 տոկոսով: Չնայած այս ընթացքում բնական հավելաճ ենք ունեցել շուրջ 10 հազար մարդու հաշվով, սակայն Հայաստանը շարունակում է մնալ ծերացող երկիր: Փոխարենը երիտասարդանում են հիվանդություններն, ինչպես գրեթե ողջ աշխարհում: 1.3 տոկոսով ավելացել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնք մեր երկրում մահվան դեպքերի առաջին պատճառն են: Այս տարի մռայլվել են նաեւ ընտանիք կազմելու ցուցանիշերը: Ամուսնությունների եւ նվազել են 6.6 տոկոոսով, ամուսնալուծություններն` աճել 3.1 տոկոսով: Ընդ որում` մարդիկ ամուսնության որոշումը կայացնում են գնալով ավելի ու ավելի բարձր տարիքում, որը տղամարդկան մոտ մոտենում է 30-ին, կանանց մոտ անցնում 25-ը: Համեմատաբար մխիթարիչ տվյալն այն է, որ մեր երկրում կյանքի միջին տեւողությունը ցածր չէ:

Ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով`մտահոգիչ են ցուցանիշեր մահերի պատճառական կառուցվածքում: Ըստ այդմ` Հայաստանում խիստ մեծ է այսպես ասած անհեթեթ մահերի թիվը` թունավորումներ, ընդ որում` դրանց մի հսկա մասը բաժին է ընկնում սննդային թունավորումներին, հաջորդում են ալկոհոլից եւ դեղորայքից, շմոլ գազից թունավորումները: Միայն ավելի քան 2000 տուժող է եղել: Դրան հաջորդող տխուր ցուցանիշն ինքնասպանությունների է վերաբերում: Այս տարվա ընթացքում ավելի շատ մարդ է փորձել սեփական կյանքին վերջ դնել:

Հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվն այս տարվա առաջին կիսամյակում նվազել են շուրջ հազար դեպքով: Առավել մեծ թիվ են արձանագրել Երեւանը, Լոռին եւ Կոտայքը: նվազել են հարկային եւ մաքսային իրավախախտումները, մտահոգիչ պատկեր են արձանագրել բնապահպանական իրավախախտումները: Վիճակագիրներն ընդգծում են, որ գրեթե բոլոր ցուցանիշերի մասով կտրուկ տեղաշարժեր նախորդ տարվա համեմատ չեն արձանագրվել: ԱՎԾ սոցիալական ոլորտի եւ բնապահպանության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը դրական միտում է մատնանշում բնակարանների գների առումով:

Թողնել պատասխան

Back to top button