ԿարևորՀասարակություն

Կրթություն, դատարաններ, ոստիկանություն. ամենակոռումպացված ոլորտները՝ ըստ հայաստանցիների

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հայաստանում կոռուպցիոն իրավիճակին են անդրադարձել այսօր «Դեբատ» բանավեճային ակումբում կայացած հանդիպման մասնակիցները: Նրանք նաև անդրադարձել են առկա կոռուպցիոն ռիսկերին և դրանց հաղթհարման հնարավոր ուղիներին: Կոռուպցիայի ընկալման ցուցանիշով՝ զրոյից հարյուր սանդղակով, աշխարհի 176 երկրների շարքում  Հայաստանը կիսում է  105-112-րդ տեղերը` հավաքելով 34 համաթիվը:
Այս ուսումնասիրությունը անց է կացվել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն շարժման  կողմից տարբեր երկրների գործարարների եւ փորձագետների շրջանակներում:
Ըստ շարժման հայաստանյան կենտրոնի տնօրեն  Վարուժան Հոկտանյանի՝ գրանցված արդյունքը  միջազգային առումով  բավական վատ նկարագիր է: Նմանատիպ հետազոտություններ անց են կացվել և բնակչության շրջանում:

Ըստ հայաստանցիների՝ առավել կոռումպացված ոլորտները կրթությունն են, դատարանները եւ ոստիկանությունը, դրանց շատ քիչ զիջում էին հանրային` պետական եւ համայնքային ծառայության ոլորտները։
Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է կրի կազմակերպված բնույթ, իր հերթին նշեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ առաջին հերթին անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային փոփոխությունների կամք

«Որպես այդ կամքի արտահայտում առաջարկում ենք կոնկրետ գործողություններ: Առաջինը հակակոռուպցիոն առանձին օրենքի ընդունումն է, որն աշխարհի շատ երկրներում ընդունված մոտեցում է: Երկրորդ կարեւոր առաջարկն այս ուղղությամբ` անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումն է»,- ասում է Արծվիկ Մինասյանը։
Ըստ խորհրդարանականի՝ ստեղծվելիք հակակոռուպցիոն մարմինը պետք է ունենա հավասարակշռված կառուցվածքային կազմ` ընդդիմադիր ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից։ Առանց դրա անհնար է ապահովել պայքարի արդյունավետությունը, նշեց պատգամավորը՝ հավելելով, որ կոռուպցիան կրում է համակարգային բնույթ:

Պատգամավորի այս դիտարկմանը համաձայն էր և  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Հայաստանում` այստեղ համակարգային կոռուպցիա է, ինչը իշխանության և տնտեսական լծակների գերկենտրոնացման արդյունք է: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ»,- նկատում է նա։

Մարտիրսյանը համոզված է, որ հակակոռուպցիոն մարմինը պետք է ունենա լայն լիազորություններ՝ առանց իշխանական թևի ներկայության:

Համաձայնվելով  նախորդ  բանախոսների հետ՝ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ ձևավորված կոռուպցիոն համակարգում բոլոր ստվերային ֆինանսական շարժերը վերահսկելի են:
Որպես մեծամասնական ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում երկու անգամ  առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու, Սաֆարյանը հայտարարեց, որ կոռուպցիոն ռիսկերը ակնհայտ են և ընտրական գործընթացներում: Ըստ նրա՝  կոռուպցիան կրում է համատարած և փոխշաղկապված բնույթ:

Թողնել պատասխան

Back to top button