ԿարևորՀասարակություն

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունն այժմ ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանում ապաստանած սիրիահայությանը

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Սեպտեմբերի 18-ից գործունեությունը սկսած «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը  մարդասիրական օգնություն Սիրիա ուղարկելու փոխարեն այժմ սիրիահայությանն օգնում է կանխիկ գումարով: Նախաձեռնությունն այսօր կենտրոնացել է Հայաստանում և Արցախում բնակություն հաստատած սիրիահայությանը օգնելու ծրագրերի վրա:  «Ինքնաթիռով բեռնափոխադրումների հետ կապված մի շարք խնդիրներ առաջացան: Օրինակ` Հալեպ հասցված օգնությունը պատերազմական իրավիճակի պատճառով պարզապես անհնար է տեղափոխել Սիրիայի հայաշատ այլ բնակավայրեր: Դա մենք չէինք հաշվարկել:  Այս հանգամանքը հաշվի առնելով՝  ներկայումս   սիրիահայությանը օգություն ենք տրամադրում կանխիկ գումարի տեսքով,- ասում է դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։
«Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը հիմա ավելի շատ կենտրոնացել է Հայաստանում և Արցախում բնակություն հաստատած, տարբեր հաշվարկներով, արդեն մոտ 10 հազար սիրիահայությանը օգնելու ծրագերի վրա: Արդեն 5 մլն դրամ են փոխանցել Քաշաթաղ հիմնադրամին` Քաշաթաղի շրջանում հաստատված սիրիահայ 22 ընտանիքի բնակարանային կարիքները հոգալու համար:
Պատրաստվում են ամանորյա նվեր մատուցել շուրջ 300 սիրիահայ փոքրիկների: Տարեմուտի հանդեսներ են կազմակերպելու, իհարկե, ամանորյա նվերներով:

«Օգնիր եղբորդ»  քաղաքացիական նախաձեռնության գործունեությունը ցույց տվեց, որ սիրիահայությանն օգնության ձեռք մեկնելու գաղափարը չունի քաղաքական, ոչ էլ աշխարհագրական ու գաղափարախոսական սահմաններ,  նկատեց Համազգային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը:

«Նախաձեռնության շրջանակներում տարբեր բարերարներից, անհատներից և կազմակերպություններից նվիրաբերվել է 41 մլն դրամ, 750 հազար ռուսական ՌԴ ռուբլի և շուրջ 31 մլն դրամի պարենամթերք»,- հայտնեց նա:

Լիլիթ Գալստյանն ու Վահան Հովհաննիսյանը շնորհակալություն  հայտնեցին բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, ովքեր անպատասխան չեն թողել իրենց կոչը:
Վահան Հովհաննիսյանն այսօր կոչ արեց նույնքան առատաձեռն լինել նաև ամանորի նախաշեմին, որպեսզի տոնը տոն լինի նաև սիրիահայության համար:
«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը մեր հայրենակիցներին օգնելու կոչը  թարմացնելու է այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը չի ավարտվել:
Ի դեպ, Վահան Հովհաննիսյանի կարիծիքով, ճգնաժամի վերջը դեռ մոտ չէ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button