Խուսափել հոգսաշատ Ամանորից. նախաամանորյա ավանդական խորհուրդը


Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Ամանորն ամենից առաջ ընտանեկան տոն է` հոգեւոր խորհրդով: Ընդունված է կարծել, որ հենց ավելորդ ծախսերն ու որկրամոլությունը զսպելու համար է եկեղեցին Ամանորի շրջանում պահքի շրջան հայտարարել:
Հնում ընդունված է եղել տարեմուտի սեղանն անպայման ծածկել պասուց տոլմայով` պատրաստված 7 տարբեր հատիկներով, 7 տարբեր չրերով, մրգերով, հնդկահավով, աղցաններով` ավելուկով, լոբով, ղափամայով, ավանդական տոլմայով:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոհարար Ամալյա Մովսիսյանն ընդգծեց, որ ամանորյա սեղանին խոզի բդի փոխարեն հնում հայերը դրել են հավ կամ հնդկահավ, իսկ սեղանի զարդը եղել է ավանդական տարեհացը։
Այսօր շատ քիչ ընտանիքներում է տարեհաց դրվում, սակայն դա շատ գեղեցիկ ավանդույթ է և այն իր մեջ խորհուրդ ունի. ում բաժին է ընկել տարեհացի մեջ պահված հատիկը, հենց նրանից են հաջորդ տարում հաջողություն ակնկալել, նշեց Ամալյա Հովհաննիսյանը:
Հիմա հին հայկական ուտեստները ետ են մղվել, շատ դեպքերում մոռացվել` իրենց տեղը զիջելով թանկարժեք մի շարք կերակրատեսակների: Ինչո՞ւ ենք մենք տոնը հոգսի վերածում, տարեվերջը համադրում ծախսերի անվերջանալի շղթայի հետ։
Ծախսե՞լ, թե՞ չծախսել, շռա՞յլ լինել , թե՞ ժուժկալ, դիմավորել Նոր Տարին եկեղեցո՞ւմ, տա՞նը, թե՞ ընկերախմբում։ Սա, ի վերջո, մեր ընտրությունն է։
Սակայն մի փոքրիկ նկատառում. երբ ամեն մեկս մեր հերթին դժգոհում ենք ամանորյա անկառավարելի խառնաշփոթից, քաոսային առեւտրից, արդարացված եւ չարդարացված ծախսերից, արժե գուցե մեկ անգամ եւս մտածել, թե հանուն ինչի՞ ենք մենք այդ գեղեցիկ տոնը հոգսի վերածում եւ հետո, թերեւս հենց դրա բերումով էլ ողջ տարվա ընթացքում հոգսերով ապրում: