ԿարևորՀասարակություն

Եռակողմ հուշագիր` դատախազությունում

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Գլխավոր դատախազության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության միջև այսօր եռակողմ հուշագիր է ստորագրվել: Կողմերը պայմանավորվել են նպաստել պետական ծառայողների հակակոռուպցիոն ընկալման ձևավորմանը, կոռուպցիայի և կոռուպցիոն ռիսկերի մասին իրազեկմանը` «Ամբողջականության հիմունքները դատախազության պետական ծառայության համակարգում» վերապատրաստման ծրագրի պարբերական իրականցման միջոցով: Կողմերը համատեղ ջանքեր են իրականացնելու կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության թերությունները և բացերը վերացնելու ուղղությամբ, աջակցելու են պետական ծառայողների կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, մասնավորապես` պետական ծառայողների և քաղաքացիների փոխհարաբերությունների որակի բարձրացմանը, դատախազության աշխատակազմում վերապատրաստման և մրցույթների անցկացման մոնիտորինգի իրականացմանը:

Գլխավոր դտախազի տեղակալ Արմեն Դանիլեյանն ասել է,որ այսօր ստորագրված հուշագիրն ապահովելու է դեռ մայիսից սկսված համագործակցության շարունակականությունը: «2012 թվականի մայիսին նախաձեռնեցինք ՀՀ դատախազության աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման ծրագիր: Դասընթացների նյութերի հիման վրա նախատեսվում է հրատարակել նաև ձեռնարկ: Նոյեմբերի 26-30-ը դատախազության դպրոցում անցկացվեց դատախազության աշխատակազմում ղեկավար պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների վերապատրաստման դասընթացը»:

Այն հաջողությամբ ավարտածներին այսօր համապատասխան հավաստագրեր են հանձնել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սոկորսկին: Նա ողջունել է դատախազության նվիրվածությունը Հայաստանում կոռուպցիոն դրսոևորումների դեմ պայքարի հարցում, հատկապես` քաղաքացիական հասարակության ներգրավմամբ: «Մենք ուրախ ենք համագործակցել ցանկացած ծրագրի շրջանակներում, որը հնարավորինս կնպաստի իրավական համակարգի աշխատակիցների, հանրային ծառայողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,-ամփոփել է ԵԱՀԿ երևանայն գրասենյակի ղեկավարը:

Թողնել պատասխան

Back to top button