ԿարևորՀասարակություն

Երեւանի անակնկալ ձմեռը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Ձմեռն արդեն Հայաստանում լիովին իր իրավունքների մեջ է: Ձյուն տեղալու բնական երեւույթը, սակայն, Հայաստանի բնակիչների համար իր հետ բերում է ոչ ցանկալի եւ, ցավոք, արդեն աչքին սովոր խնդիրներ:  Մայրաքաղաքում այս տարվա առաջին ձյունը ստիպեց հիշել նախորդ տարիների պատկերը, երբ հասարակական տրանսպորտը սկսում է վատ աշխատել:
Ջրատարների հետ կապված խնդիրներն էլ իրենց հերթին են շարունակ զգալ տալիս թե անձրեւների, թե ձյան հալոցքի ժամանակ: Որպես հետեւանք` մայթից իջնելու եւ երթուղայինին մոտենալու համար երբեմն պարզապես մինչեւ սրունքներդ հայտնվում ես ջրի մեջ: Օրվա ավարտին էլ հալված ձյունից կուտակված ջրերը վերածվում են մերկասառույցի:
Երեւանի քաղաքապետարանն իր հերթին պնդում է` բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայություններում երրորդ օրն է շարունակվում են փողոցների եւ մայթերի, նաեւ  բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է շուրջ 180 միավոր մեքենա-մեխանիզմ:
Երեկոյան եւ գիշերային ժամերին աշխատանքներում ներգրավվել է եւս 7 գրեյդեր: Քաղաքապետի հանձնարարությամբ հատուկ տեխնիկայի բավարար քանակ ապահովելու համար պայմանավորվածություն է ձեռքբերվել շինարարական կազմակերպությունների հետ՝ ձյան տեղումների օրերին փողոցների ու մայթերի մաքրման աշխատանքներին լրացուցիչ եւս 120 մեքենա- մեխանիզմ ներգրավելու համար։
Եղանակների ցրտելը հանրապետության գլխավոր վարակաբանին մտահոգվելու առիթ չեն տալիս: Արա Ասոյանն ամենատեղին խորհուրդը համարում է ամենատարրական հորդորը` հագնվել եղանակին համապատասխան։
Գյուղատնտեսները դեռ վաղ են համարում գնահատումներ անել, թե գյուղատնտեսական ինչպիսի տարի է սպասվում 2013-ին: Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը գուշակություններից զերծ է մնում, սակայն միաժամանակ փոխանցում հետեւյալ դիտարկումը՝ այս ձյունը աշնանացան բույսերի համար նպաստավոր է։

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է` հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց, լեռնային շրջաններում և լեռնանցքերում` բուք, առանձին հատվածներում` մառախուղ:
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ թաց ձյան և անձրևի տեսքով: Օդի միջին օրական ջերմաստիճան -0.20C է, նվազագույն ջերմաստիճանը`-14.80C:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button