ԿարևորՔաղաքական

Ցանկալի է, որ մինչեւ նախագահական ընտրությունները շտկվեն խորհրդարանականում ամրագրված դիտողությունները

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

ԵՄ խորհրդատվական խումբն այսօր գնահատել է Հայաստանի եվրաինտեգրման ուղղությամբ կատարած քայլերը, ընդգծել երեկ Բրյուսելում` Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի ստորագրումն ու խոսել ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների հաջող ընթացքի մասին:
ԵՄ խորհրդատվական խումբի ղեկավար Ուիլիեմ վան դեր Գիստը տեղեկացրեց, որ մինչև եկող տարվա նոյեմբեր Վիլնյուսում նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ շատ հավանական է, որ Հայաստանի հետ ստորագրվեն ասոցացման, ինչպես նաև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերը:
Սակայն մինչ այդ 2013 թվականի փետրվարի 18-ին Հայաստանում նախագահական ընտորթյուններ են ու դրանք բնականաբար նշանակություն կունենան համաձայնագրերի կնքման գործում, ասաց։

Ընտրությունները պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին,  ցանկալի է, որպեսզի նախագահական ընտրություններում շտկված կլինեն խորհրդարանական ընտրություններից հետո դիտորդների մատնանշած առաջարկները, նշեց նա։
Իսկ որքան կգնահատեք «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի հիման վրա Հայաստանի կատարած քայլերը 10 բալանոց սանդղակում. «Ռադիոլուրի» հարցին ԵՄ խորհրդատվական խումբի ղեկավարը ձեռնպահ մնաց պատասխանից, պարզապես  նշեց, որ բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը,  որ Հայաստանը բավականին ակտիվ է գործում։
Լրագրողների խնդրանքով Ուիլիեմ վան դեր Գիստն անդրադարձավ նաև հարցին թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի հետ ԵՄ համագործակցությունն ու Արևելյան գործընկերության ծրագրի իրագործումը, եթե մեր երկիրն անդամակցի Եվրասիական միությանը, ինչի մասին վերջերս շատ է խոսվում:
Նա հստակ նշեց, որ դա ազդեցություն կունենա ԵՄ հետ համագործակցության վրա:  Կգա մի պահ, երբ Հայաստանը պետք է սահմանի իր գերակայությունը, թե որտեղ է ուզում լինել։
Եթե Հայաստանը Եվրասիական միության անդամ դառնա, իհարկե, կլինեն սահմանափակումներ տնտեսական հարցերում, հստակեցրեց ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավարը:

Դա հիմնական գործոնն է, որ հակասում է ԵՄ հետ ազատ առևտրի գոտու շրջանակներում հարաբերություններին, նկատեց վան դեր Գիստը։

Թողնել պատասխան

Back to top button