ԿարևորՔաղաքական

Հասարակության ակտիվության պարգայում Արմեն Մարտիրոսյանը չի բացառել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Նախագահական ընտրություններում «Ժառանգության» խնդիրն է հնարավոր բոլոր միջոցներով այլընտրանք ձեւավորելն ու իշխանության հանգիստ վերարտադրությունը թույլ չտալը` այս մասին այսօրվա ասուլիսում նշել է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ Րաֆֆի Հովհանիսյանը խոցելի տեղեր քիչ ունի` տնտեսական կապերով կապված չէ որեւէ մեկին, չի մասնակցել սեփականշնորհման թալանին, ստվերային պայմանավորվածություններ չունի, ուստի` «քաղաքական առումով համախմբող թեկնածուի առավելություններն ունի»: Կանխատեսելով նախագահական ընտրությունների ելքը` Ժառանգության փոխնախագահը շեշտել է, որ որքան հասարակությունը ակտիվ լինի, այնքան ընտրությունները թեժ կլինեն: Արմեն Մարտիրոսյանը հասարակության ակտիվության պարգայում չի բացառել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

«Ժառանգությունն» իր գործունեությունը կապում է այլ գործոնների հետ, առաջին հերթին` հասարակության տրամադրությունների, հետևաբար, Արմեն Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի չառաջադրումը չէր կարող որեւէ կերպ ազդել Ժառանգության վրա: Իրենք  էլ հիմնականում կենտրոնացած են  այն աշխատանքերի վրա, որ պատշաճ կերպով մասնակցեն նախագահական ընտրություններին` հավելեց բանախոսը:
Խոսելով ԲՀԿ-ի հետ կապված վերջին զարգացումների մասին` Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ ԲՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է, որը կարող է  ընդունել ցանկացած որոշում, ապա` կարծիք հայտնեց, որ թվաքանակով երկրորդ ուժը կարող էր մասնակցել ընտրություններին, բայց անհասկանալի է, որ նրանք դիրքորոշում չունեն  ընտությունների վերաբերյալ: Ժառանգության փոխնախագահը նաեւ շեշտեց, որ իր համար անհասկանալի է, որ ԲՀԿ-ն թեւաթափ կարգավիճակով է մասնակցում ընտրություններին եւ որեւէ մեկին չի սատարում:

«Այս բոյկոտող իրավիճակը ինձ համար անհասկանալի է` հաշվի առնելով նրանց ընտրազանգվածը»: Անդրադառնալով ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին` Ժառանգության ներկայացուցիչն ասաց, թե իր մոտ այն հակասական տպավորություն է  թողել` գնահատականների առումով: Մասնավորապես` Մարտիրոսյանը չի կիսում նախագահի ելույթում ներկայիս իրավիճակին տված գնահատականները:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին. Ընդդիմադիր Ժառանգություն կուսակցության փոխնախագահի համոզմամբ` կոռուպցիան կենտրոնացած է իշխանության մեջ, իսկ եթե մանր ու միջին պաշտոնյաներ ձերբակալվում են, Մարտիրոսյանի կարծիքով, դա չի նշանակում, որ կոռուպցիայի դեմ պայքարը հաղթահարվել է:

Մարտիրոսյանի ձեւակերպմամբ` մեր երկրում բարեփոխումներ չեն արվում, իսկ այն, ինչի մասին խոսվում է, դրանք ընդամենը ցանկություններ են կամ էլ իմիտիացիոն քայլեր: Ընդդիմադիր Ժառանգության ներկայացուցիչն ասաց, թե ամբողջությամբ համաձայն է նախագահի ելույթի միայն մեկ հատվածի հետ: Նշյալ երեք սկզբունքների պահպանման դեպքում կարելի է մտածել աշխատանք տանելու մասին: Մինչ այդ` «Ժառանգությունը» հենց այդ սկզբունքներով միշտ գործել է ընդդիմադիր դաշտում, վակուում լցնելու խնդիր չունի եւ կուսակցության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը որպես այլընտրանքային թեկնածու ունակ է իր շուրջ միավորելու   քաղաքական ուժերի, քանի որ խոցելի  կողմեր քիչ  ունի` շեշտեց Ժառանգություն կուսակցության փոխնախագահը: Նրա խոսքով` առայժմ չեն կարող ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է լինել միասնական թեկնածու, քանի որ այդ մասին էլ պայմանավորվածություններ չկան այլ ուժերի հետ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button