ԿարևորՀասարակություն

Թրաֆիքինգի խնդիրը մեր երկրում բավականին սուր է. փորձագետ

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

«Թրաֆիքինգի դեմ պայքարի գործում լրատվամիջոցների դերը մեծ է ամբողջ աշխարհում, բայց խնդիր է նաև ճիշտ լուսաբանումը, անգամ այնպիսի հեղինակավոր հեռուստաընկերությունում, ինչպիսին CNN-ն է: Սա այն ոլորտն է, որտեղ սենսացիա փնտրել պետք չէ, ճիշտը պիտակավորումից խուսափելն է ու մի վնասիր սկզբունքով առաջնորդվելն է»,-այսօր ասել է Արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը`Թրաֆիքինգի դեմ պայքարի և թրաֆիքինգի դեպքերի լուսաբանմանը նվիրված համաժողովի ժամանակ: Այն իրականացվել է Արտգործնախարարության ու Միգրացիայի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ: Փորձագետ Դավիթ Թումասյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է, որ թեև թրաֆիքինգի ոլորտը Հայաստանում բավականին կարգավորված է, բայց խնդիրը մեր երկրում բավականին սուր է: «Տարեց տարի ավելանում են ոչ միայն Հայաստանից դուրս, այլև ներքին թրաֆիքինգի դեպքերը»,-ասել է փորձագետը:

«Ըստ ուղղությունների` ունենք սեռական շահագործման դեպքեր Էմիրություններում, Թուրքիայում, աշխատանքային շահագործում` Թուրքիայում և Ռուսաստանում, օրգան հյուսվածքների թրաֆիքինգ` Շրի Լանկայում: Ոլորտի հետ կապված քրեական օրենսգիրքը 2011-ին փոխվել է և կարգավորում է հիմնական մասը, բայց կան բացեր կապված սոցիալական աջակցության հետ, այսինքն` ինչ փոխհատուցում, աջակցություն պետք է տրամադրվի զոհին: Այս խնդիրը ներկայում վերանայման փուլում է»:

Թողնել պատասխան

Back to top button