ԿարևորՔաղաքական

Էթիկայի հանձնաժողովում առաջարկվող փոփոխություններին դեմ են հանդես եկել ՀՅԴ- ն ու ՀԱԿ- ը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր ձայների 66 կողմ, 28 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ  առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ և լրացումներ առաջարկող  նախագիծը:  Այն, հիշեցնենք, հանրապետական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննսիայանի մշակած օրինագիծն է, որ ընդգրկվել է կառավարության նախաձեռնությամբ երեկ հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում:
Օրինագծով առաջարկվում է փոփոխել էթիկայի հանձնաժողովի կազմավորման կարգն ու որոշումների կայացման ընթացակարգը: Նախագիծը երեկ խորհրդարանում բուռն քննարկման էր արժանացել, իսկ այսօր  առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո խորհրդարանական ընդդիմադիր ու իշխանական ուժերը քննարկումներ են սկսել փոփոխությունների շուրջ:  Ընդդիմադիր խմբակցությունները երեկ հայտարարել էին, որ նախագիծն առանց փոփոխության ընդունելու դեպքում կքննարկեն էթիկայի հանձնաժողովում ներկայացուցիչներ ունենալու հարցը:

ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը արտահերթի օրակարգում ընդգրկված մեկ տասնյակից ավելի հարցերի հետ  քննարկման է դրվել   հատուկ ընթացակագով, ինչը նշանակում է, որ  այս օրինագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում:։
Խորհրդարանական օրվա ամենավերջին հատվածում վերանայված օրինագիծը ներկայացվեց երկրորդ ընթերցմամբ: Արփինե Հովհաննսիյանը խոսեց  այն փոփոխությունների մասին, որոնք կատարվել էին երեկվա բուռն քննարկումների և այսօր նիստերի դահլիճից դուրս շարունակված բանակացությունների արդյունքում:   Նախագծի հեղինակները, մասնավորապես, հրաժարվել են իշխանական և ոչ իշխանական ձևակերպումներից։
Առաջարկվում է, որ խորհրդարանական այն խմբակցությունները, որոնք չեն հայտարարել իրենց ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր լինելու մասին, հանձնաժողովում ունենան մեկական ներկայացուցիչ, իսկ որոշումները կայացվեն պարզ մեծամասնությամբ, սակայն ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր առնվազն մեկական պատգամավորի կողմ քվեարկությամբ։

ՀՅԴ-ն կարծում է, որ վերանայումից նախագիծը չի շահել:  Արծվիկ Մինասյանին  այս տարբերակն  առանձնապես  չի գոհացնում: Նույն դիրքրոշումը հայտնեց նաև հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության անդամ  Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով ՝ փոփոխությունները իմաստազրկում են էթիկայի հանձնաժողովի առաքելությունը:

«Եթե վաղը նախագիծն ընդունվի խորհրդարանական մեծամասնության կողմից, ապա հայտարարում եմ, որ հրաժարական եմ տալու էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից»։

Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քվերակության կդրվի վաղը:

Թողնել պատասխան

Back to top button