Քաղաքական

Բոլոր խնդիրները պետք է փուլ առ փուլ իրականացնել, ասել է վարչապետը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ արագ փոփոխվող աշխարհը մեր առջև նոր խնիդրներ և մարտահրավերներ է դնում:
«Այդ փոփոխությունները ժամանակակից աշխարհում տեղի են ունենում բավականին արագ՝ հաճախ իրենց հետ բերելով անկախատեսելի խնդիրներ և ողբերգական հետևանքներ: Դա նշանակում է, որ մասնագիտական կարողությունների բարձրացումը պետք է լինի մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Այս խնդիրը գտնվում է նաև հանրապետության նախագահի մշտական ուշադրության կենտրոնում: Ընդհանրապես, մեր առջև ծառացած բոլոր  խնդիրները, այդ թվում՝ սոցիալական, պետք է կարողանանք փուլ առ փուլ իրականացնել:

Հանրապետության նախագահը մեր առջև խնդիր է դրել մարտահրավերներով լի արագ փոփոխվող աշխարհում ապահովել մեր պետության և քաղաքացիների անվտանգությունն ու ապահով կյանքը: Կարծում եմ՝ այս կարևոր սկզբունքի ներքո մեծ են նաև ԱԱԾ աշխատակիցների  անելիքները»,- ասել է վարչապետ Սարգսյանը։
Այնուհետև ՀՀ նախագահի հրամանագրով վարչապետ Տիգրան Սարգսյանը  ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրանտ Եպիսկոպոսյանին հանձնել է գեներալ-մայորի կոչում: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԱԾ մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ և ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մարտական ծառայության մեդալով:

ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Արկադի Բալյանը և ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, մայոր Կարեն Սահակյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: ՀՀ  ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ խրախուսվել են նաև ՀՀ վարչապետի շնորհալագրերով:

 

Թողնել պատասխան

Back to top button