Հասարակություն

Ռոբերտ Ահարոնյանը կոչ է անում ՀՀԿ-ին ֆինսանսավորել իր քարոզարշավը

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Նախագահական ընտրություններին մասնակցել պատրաստվող կոմունիստ Ռոբերտ Ահարոնյանն այսօր կոչով դիմել է Հանրապետական կուսակցությանը` ֆինանսավորել իր քարոզարշավը: Ռոբերտ Ահարոնյանն ասել է, որ ընտրական գրավի համար պահանջվող գումարն ունի, իսկ ՀՀԿ-ի ֆինանսավորմամբ քարոզարշավ իրականացնելու դեպքում, համոզված է, կհաղթի իր, այսինքն` սոցիալիստական գաղափարախոսությունը:

Մեր գործը արդար է, մենք կհաղթենք, 2013-ի նախագահական ընտրություններին մասնակցելու կարգախոսը կա, ընտրապայքարի մեջ մտնելու համար անհրաժեշտ նախնական գումարը` ընտրագրավը` նույնպես, Ռոբերտ Ահարոնյանի հնարավորությունները բավարար չեն` հավասար ընտրապայքարի համար: Նա նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին օրերս է հայտարարել, կոմունիստ է, հետևաբար` սոցիալիստական գաղափարախոսության կրող ու ջատագով:

Ռոբերտ Ահարոնյանը համոզված է, որ ՀՀԿ-ի ֆինանսավորմամբ քարոզարշավ իրականացնելու դեպքում ինքը կստանա ընտրողների 70 տոկոսի քվեն, իսկ առանց ՀՀԿ-ի աջակցության և արդար ընտրությունների դեպքում ինքը դուրս կգա երկրորդ փուլ: Ռոբերտ Ահարոնյանն ընդունում է, որ ինքը հանրությանն այնքան էլ հայտնի չէ, փոխարենը ճանաչված է այն գաղափարախոսությունը, որի կրողն է:

Իր հիմնական մրցակիցը համարում է կապիտալիստական համակարգի ներկայացուցչին, իսկ այդ համակարգի լավագույն լիդեր համարում գործող նախագահին: Ի դեպ, նախորդ ընտրություններում ինքը ընտրել է հենց Սերժ Սարգսյանին, քանի որ նրա ծրագրերն ու գաղափարախոսությունը տանում էին դեպի Ռուսաստան: Ռոբերտ Ահարոնյանը պատրաստ է համագործակցել սոցիալիստ թեկնածուների հետ, անհրաժեշտության դեպքում անգամ հանել իր թեկնածությունը: Ի դեպ, դա չի անի ՀՅԴ-ի համար, քանի որ վստահություն չունի այն կուսակցության նկատմամբ, որն ավելի քան 100 տարի սոցիալիստական գաղափարախոսություն քարոզելով 5 տարի կոալիցիայի կազմում կապիտալիզմ է կառուցել: Ընկեր Ահարոնյանը կարծում է, որ սոցիալիզմը պետք է ներկայացված լինի մեկ թեկնածուով:

Նախագահ ընտրվելու դեպքում առաջին հերթին վերացնելու է հենց այդ ինստիտուտը, իշխանությունը հանձնելու է խորհուրդներին: Շտապ միանալու է Եվրազեսին, աջակցելու է փոքր ու միջին բիզնեսին, երկու անգամ ավելացնելու է խոշորների հարկերը:

Ի դեպ, 99 թվականից կումունսիտական կուսակցության հետ կապերը խզած Ահարոնյանը որպես կոմուսնիտ գործունեությունը վերականգնել է 2001 թվականին, Նորացված կումկուսում քաղկոմի առաջին քարտուղարն է եղել մինչև 2005 թվականը, 2006-ին Տիգրան Ուրիխանյանի Առաջադիմական կուսակցությունում էր, հետո ինքն է հիմնել Հայաստանի առաջադիմական սոցիալիստական կուսակցությունը: Չի անդամակցել, բայց համագործակցել է Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների հետ: Ինչպես ինքն է ասում, բոլոր կուսակցություններում եղել է կոմունիստ, անգամ ՕԵԿ-ում, որի անդամն էր 2011-ին: Բոլոր գիտեին, որ ես կոմունիստ Ռոբերտ Ահարոնյանն եմ, ասում է:
Պարզվում է, այդպես էլ լինում է:

Թողնել պատասխան

Back to top button