Մշակույթ

Հայկական մշակույթը հետաքրում է նաև իմ երեխաներին, ասել է ֆրանսահայ ջազ երաժիշտը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ֆրանսահայ երաժիշտ Անդրե Մանուկյանն առաջին անգամ կնվագի հայ հանդիսատեսի համար: Համերգը տեղի կունենա վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում: Այսօր հանդիպելով լրագրողների հետ, նա պատմել է իր ստեղծագործական կյանքի մասին և հայտնել, որ երաժշտություն է գրել այնպիսի երաժիշտների համար, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Ռիչարդ Գալիանոն, Ժանեթ Ջեքսոնը, Միշել Պետրուչչիանին եւ այլք: Նա նաև մի շարք ֆիլմերի երաժշտության եւ գործիքավորման հեղինակ է:

Հայաստանում է Ֆրանսահայ ջազ երաժիշտ Անդրե Մանուկյանը: Թեև սա նրա արդեն 2-րդ այցն է Հայաստան, ճանաչված դաշնակահարը հայ հանդիսատեսի համար ելույթ կունենա առաջին անգամ: Առաջին այցը եղել է 2009 թվականին Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, ինչպես խոստովանեց Ֆրանսիա վերադարձել է բավականին մեծ տպավորություններով նախ իբրև մարդ, ապա նոր որպես արմատներով հայ: Սեր, հիացմունք, նորանոր բացահայտումներ, ահա թե ինչ տպավորություն է թողել իր վրա առաջին այցելությունը Հայաստան:

Հայաստան այցելության ընթացքում նա նաև այն տպավորությունն է ստացել, ասես չկա մի ընտանիք, որտեղ չլինեն երաժիշտներ: Այս առումով ընդգծեց, որ իր տաղանդն էլ ըստ էության ծնողներից է ժառանգել, իսկ հայերի, հայոց աշխարհի և մշակույթի մասին տեղեկացել է իր տատիկից: Այսօր արդեն իբրև ճանաչված երաժիշտ իրեն համարում է Ֆրանսիայում հայկական մշակութի դեսպանը:

Հայ ընտանիքում ծնված երաժիշտը պատմեց նաև իր ընտանիքի մասին: Ասաց, որ մայրը միշտ ցանկացել է, որ տղան հայ աղջկա հետ ամուսնանա, սակայն Անդրե Մանուկյանը այդպես էլ չի կատարել մոր ցանկությունը, քանի որ այլ ընտրյալ է ունեցել: Ֆրանսահայ երաժիշտը խոստովանեց, որ տարիների ընթացքում հասցրել է սիրել մի քանի կանանց, նրանցից զավակներ ունենալ ու անգամ հասցրել պապիկ դառնալ: Ի դեպ նա նկատել է, որ հայկական մշակույթը հատաքրում է նաև իր երեխաներին: Ասաց, որ իր տղան հեռուստատեսությամբ տեսել էր մի հաղորդում, որի ընթացքում խոսվել է նռան մասին։ Դրանից հետո որդին խնդրել է հորը Հայաստանից իր համար նուռ բերել:

Թողնել պատասխան

Back to top button