ԿարևորՔաղաքական

Սոցիոլոգ.ԲՀԿ-ի քայլն ընդդիմությունը զրկեց միավորվելու շանսից

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու որոշումը շարունակում է մնալ ներքաղաքական քննարկումների օրակարգային հարցը: Թեման այսօր քննարկվել է նաեւ երեւանյան մամուլի ակումբներում` փորձագետների եւ քաղաքական վերլուծաբանների մասնակցությամբ:

qeryan

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նկատեց, որ այսօր կուսակցությունները խիստ անձնավորված են եւ այդ առումով էլ հաճախ կուսակցության ղեկավարների դիրքորոշումից ու վարքագծից էլ կախված են քաղաքական իրադարձությունները: Այդ առումով, մասնավորապես` նախագահական ընտրությունների պարագայում, ըստ նրա, թեկնածուների վարկանիշի պայքար է տեղի ունենում, հետեւաբար. «Բացատրելի է այն հանգամանքը, որ այդ անհատները սկսում են հաշվարկել` ինչ են ձեռք բերում մասնակցելով եւ ինչ են կորցնում: Նույնը` չմասնակցելու դեպքում»:

Հենց այս մեխանիզմն էլ, քաղաքագետ Գարիկ Քեռյանի համոմամբ, գործել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշում կայացնելիս: Անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի ԲՀԿ-ի ընտրազանգվածի հետ` քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծիք հայտնեց, որ դա արդեն, իրապես, քաղաքական լուրջ իրադարձություն է, քանի որ բավականին մեծ ընտրազանգված մնում է վակուումի մեջ: Այս առումով` քաղաքագետն այսպիսի դիտարկում ուներ. «Այն կուսակցությունները, որոնք բավականին անհույս վիճակում էին` Գագիկ Ծառուկյանի մասնակցության դեպքում, այժմ  արդեն բավականին լուրջ շանսեր են ձեռք բերում այդ վակուումում գտնվող չկողմնորոշված ընտրազանգվածին տիրելու համար»:

adibekyan«Սոցիոմետր» հետազոտական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ` փաստորեն չկայացավ դաշտում 2 հավասարազոր քաղաքական ուժերի հանդես գալը: Ադիբեկյանի ձեւակերպմամբ` Ծառուկյանը չհասկացավ պահի կարեւորությունը, իսկ ընդդիմությունը կորցրեց միավորվելու շանսերը:

Ադիբեկյանի գնահատմամբ` Ծառուկյանը ճիշտ վարվեց` չաջակցելով ընդդիմության որեւէ թեկնածուի, քանի որ այն պահին, երբ իրեն կարող էին աջակցել եւ վերջինիս 30 տոկոսին կարող էր գումարվել եւս 15 տոկոս, ինչը բավականին լուրջ հայտ էր լուրջ պայքարի մեջ մտնելու համար, տեղի չունեցավ: Վարկանիշի կորուստներ կլինեն` ասաց սոցիոլոգը` հավելելով, սակայն, թե կորուստներն ավելի մեծ կլինեին պարտվելու դեպքում:

ԲՀԿ-ի էլեկտորատի փոփոխությունը չի ուժեղացնի որեւէ թեկնածուի` եզրափակեց Ահարոն Ադիբեկյանը:

Թողնել պատասխան

Back to top button