ԿարևորՔաղաքական

Ի՞նչ միջոցներով ու ի՞նչ ծրագրով է ընտրապայքարի մեջ մտնում Հովիկ Աղազարյանը

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Նախագահական ընտրություններին մասնակցել պատրաստվող Հովիկ Աղազարյանը վստահ է, որ եթե ընտրությունները տեղի ունենային հենց վաղը, ապա իրեն ձայն կտար 5 հազար մարդ: Երկու ամիս հետո ինչքան կլինեն այդ ձայները, թեկնածուն դժվարացել է պատասխանել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին դաշնակցականն ասել է, որ իր ընտրազանգվածը շերտավոր չէ, իրեն կընտրեն գործարարներից մինչև բնակչության աղքատ խավ: Ի դեպ, նրան ժամանակին Դաշնակցության շարքերից հեռացրել են` կարգապահական խնդիրների պատճառով: Ինչ միջոցներով ու ինչ ծրագրով է ընտրապայքարի մեջ մտնում Աղազարյանը:

Այս պահին գործազուրկ, իսկ ընդհանրապես տեխնիկական գիտությունների թեկնածու, գերագույն խորհրդի պատգամավոր, նախկին դաշնակցական ու ներկայում նախագահի թեկնածու Հովիկ Աղազարյանը ծրագրային մի քանի հիմնական դրույթներ է առաջ քաշում` հանրաքվեի միջոցով անցնել պառլամենտական համակարգի, կրճատել պատգամավորների թիվը` նրանց ընտրությունը կազմակերպելով բացառապես համամասնական ընտրակարգով: Նախագահի պաշտոնին հավակնող Աղազարյանը կարծում է, որ երկրի նախագահը պետք է ընտրվի խորհրդարանի կողմից և ունենա բացառապես ներկայացուցչական ֆունկցիաներ, ասենք`հանձնարարի խորհրդարանական ընտրություններում հաղթած ուժի ղեկավարին կառավարություն ձևավորել:

Նախագահական ընտրությունները Հովիկ Աղազարյանի համար օլիմպիադա չեն, որ կարևորի մասնակցությունը: Իր թեկնածությունն առաջադրող յուրաքանչյուր ոք պետք է պայքարի հաղթանակի համար: Ինքն այդպես էլ անելու է, իսկ թե ինչ կստացվի` ոչինիչ չի կարող ասել:
Եթե ընտրությունները լինեին հենց վաղը, ապա նախկին դաշնակցականը համոզված է` իրեն ձայն կտար 5 հազար մարդ: Որքան կավելանան այդ ձայները երկու ամիս անց, չգիտի:

Ինքը փորձելու է տարբերվել մյուս բոլոր թեկնածուներից` ընտրած ճանապարհով: Նախագահ ընտրվելու դեպքում երաշխավորելու է բոլոր քաղաքացիների, այդ թվում` օտարերկրյա ներդրողների սեփականության անձեռնմխելիությունը, բայց նաև պետք է հասնի նրան, որ ունեցվածքի անձեռնմխելիությունն ապահովելու համար խորհրդարան հասած օլիգարխները հասկանան` քաղաքականությամբ զբաղվելն իրենց գործը չէ: Մենաշնորհը վերացնելը մեկ ժամվա աշխատանք է համարում: Գործազուրկ նախագահի թեկնածուի համար ընտրագրավը խնդիր չէ: Տղան Սանկտ-Պետերբուրգում շինարարական փոքրիկ բիզնես ունի, որից ստացված եկամուտները բավարարում են բարվոք ապրելու համար: Բացի այդ, եկամուտներ ունեն նաև հայրենի Սուրենավան գյուղի հողամասից, ասաց Աղազարյանը: Նա այս ընտրություններում հիմնական մրցակից է համարում Հանրապետականի թեկնածուին: Ի դեպ, Աղազարյանը չի բացառում ընտրապայքարից դուրս գալու և որևէ թեկնածուի սատարելու հնարավորությունը:

Միանգամից բացառում է Հանրապետականի որևէ թեկնածուի և կոնկրետ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելը, բայց պատրաստ է հրաժարվել մասնակցությունից, եթե զգա, որ խանգարում է դաշնակցության թեկնածուին: Ջիջումների նա կարող է գնալ նաև հանուն համագյուղացու` Սուրենավանից նախագահի թեկնածու Մարտիկ Սարգսյանի: Երկուսն էլ համոզված են, որ իրար չեն խանգարում, համագյուղցիների ձայները չեն կիսում: Իրար չեն միանում գաղափարական տարբերությունների պատճառով, բայց կարող են աջակցել երրորդին, եթե ավելի ազգային ու հայրենասեր լինի, իր և Հովիկ Աղազարյանի անունից հայտարարեց Մարտիկ Սարգսյանը: Իսկ երրորդ թեկնածուի առաջադրումը նույն գյուղից Մարտիկ Սարգսյանը չբացառեց: Այդպիսի մտադրություններ, նրա խոսքով, ունի գյուղի հովիվը:

Թողնել պատասխան

Back to top button