Մինչեւ 2015թ-ը ՏԵՄՊՈՒՍ-ը կհամագործակցի Մանկավարժական համալսարանի հետ


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է ՏԵՄՊՈՒՍ- ի «Բարձրագույն կրթության կառավարում մասնագիտական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագիրը: Դրամաշնորհային ծրագրի աշխատանքների ողջ ընթացքը մինչև 2015 թվականը համակարգելու է մանկավարժական համալսարանը, ինչն աննախադեպ է հայաստանյան բուհերի պատմության մեջ: Ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում մանկավարժական համալսարանում կներդրվի կրթության կառավարում մասնագիտության ուսուցումը:
Տեմպուսի ծրագրերին Հայաստանն արդեն 15 տարի է, որ մասնակցում է: Բայց երբ հայաստանյան համալսարանն ինքն է ղեկավարում և համակարգում աշխատանքների ողջ ընթացքը, առաջին անգամն է: Մինչև 2015 թվականը այս խիստ պատասխանատու գործառույթը ստանձնելու է ՏԵՄՊՈՒՍ-ի «Բարձրագույն կրթության կառավարում մասնագիտական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» դրամաշնորհային ծրագիրը շահած Հայկական պետական մանկավարժական համալսարանը: Թեև` Հայաստանը որակյալ մասնագետների պակաս չունի, այդուհանդերձ մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար Սուսաննա Կարախանյանը համոզված է, որ ծրագրի արդյունքում մանկավարժական համալսարանի թիմն էլ ավելի կհզորանա:
Միևնույն ժամանակ դրամաշնորհային ծրագրի աշխատանքների ողջ ընթացքը համակարգելը նաև մեծ պատասխանատվություն է համալսարանի համար, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատեց Համալսարանի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինե Ծատուրյանը:
«Բարձրագույն կրթության կառավարում մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի շրջանակում արդեն մշակվել են համապատասխան որակավորումներ, ուսումնական վերջնարդյունքներ, դրանցով պայմանավորված գնահատման համակարգ, դասավանդման և ուսուցառման մեթոդաբանություն, ինպես նաև մասնագիտական որակավորման բարձրացման ծրագրեր: Մանկավարժական համալսարանը ծրագրի շրջանակում համագործակցում է եվրոպական 6 երկրներների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի մի շարք համալսարանների հետ: Նշենք նաև, որ ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում մանկավարժական համալսարանում կներդրվի կրթության կառավարում մասնագիտության ուսուցումը: