Հասարակություն

Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում խնդիրները հիմնականում կենցաղային բնույթի են

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Կրթության առանձնահատուկ պայամնների կարիք ունեցող անձանց կրթության մասին ՀՀ օրենքով` պետությունը պարտավորություն է ստանձնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ապահովել ուսուցման, դաստիարակության և խնամքի հատուկ պայմաններ: Սակայն ընդամենը մի քանի տարի առաջ հատուկ հանրակրթական դպրոցներում արձանագրված աղմկահարույց դեպքերը չէին կարող անտարբեր թողնել ինչպես զանգվածային լրատվամիջոցներին, այնպես էլ ոլորտի պատասխանատուներին:

Թերևս այդ միջադեպերն առիթ դարձան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդների խումբ ստեղծելու համար: Դիտորդների խմբի գործունեության նպատակներն էին երեխայի իրավունքների պաշտպանության հասարակական մշտադիտարկումը, հաստատություններում մարդու իրավունքների խախտումների բացահայտումը եւ կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը: Երկու տարիների ընթացքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում խնդիրները հիմնականում կենցաղային բնույթի են, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը կարծում է, որ ընտանիք ունեցող երեխան, պետք է վերադառնա ընտանիք: Այդ իսկ պատճառով ԿԳ նախարարությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ միասին աշխատում են ապահովել սոցիալական նվազագույն հնարավորություններ, որպեսզի ծնողը ստիպված չլինի իր երեխայի հացը և գիշերակացը ապահովելու համար շաբաթվա հինգ-վեց օրը երեխային հանձնել հատուկ դպրոց: Հակառակ դեպքում`դպրոցից դուրս մնացած երեխաները վերադառնալով ընտանիք կարող են շատ ավելի լուրջ խնդիրների առջև կանգնել. նրանք կարող են հայտնվել փողոցում կամ պարզապես մատնվել սովի: Անդրադառնալով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների առավել խոցելիությանը` Աշոտյանն ընդգծեց, որ պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որպեսզի իրեն պաշտպանված զգա յուրաքանչյուր երեխա:

Այսպիսով` թեժ գծին ահազանգերի բացակայությւոնը բնորոշելով իբրև միջանկյալ հաջողություն, ԿԳ նախարարը նշեց, որ չի կարելի կանգ առնել միայն դրա վրա. պետք է մշտադիտարկման խմբի առաջարկների հիման վրա շարունակել աշխատանքները երեխաների իրավունքների պաշտպանության, դպրոցներում բարեփոխումներ կատարելու և սոցիալապես անապահով երեխաների համար լրացուցիչ ֆինանսական պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Թողնել պատասխան

Back to top button