ԿարևորՀասարակություն

Ի՞նչ են ակնկալում բնապահպան-ակտիվիստները վարչապետից

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/12/LUSINE-10-12.mp3

Այսօր լրագրողների հետ են հանդիպել Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները: Նրանք անդրադարձել են Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Մեգո Գոլդ» ընկերության գործունեությանը: Նախաձեռնության անդամների կարծիքով ՝ հանքարդյունաբերող ընկերությունները խաբում են հանրությանը: Բնապահպաններն այսօր անդրադարձել են նաև Միացյալ Նահանգներում բնապահպանական շարժման մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատականներին: Կառավարության ղեկավարից ոչ թե հանդիպում, այլ կոնկրետ գործողություններ ենք ակնկալում՝ ասել են բնապահպանները:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամների տեղեկացմամբ` իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սյունիքում Նորաշենիկ գետի հարակից գյուղերում արտադրված գյուղմթերքը թունավորված է, իսկ գետն աղտոտված: Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը գետ լցվող թափոնները համարում է 5-րդ կարգի և ոչ մի վտանգ չներկայացնող, մինչդեռ բնապահպանների կարծիքով դա իրականությանը չի համապատասխանում:

Բնապահպանական վթարների մասին հաղորդագրությունները որպես կանոն ավարտվում են այս կամ այն ընկերությունից գանձվող սիմվոլիկ տուգանքներով, վարչական տույժերով և իրավական շարունակություն չեն ստանում: Շարժման ակտիվիստներից Արթուր Գրիգորյանի կարծիքով ՝ այդ ընկերությունների համար սա ձեռնտու իրավիճակ է:
«Նման գիգանտների համար նշնակվող տույժերը ծիծաղելի գումարներ են: Իրենց ձեռնտու է այդ աղբը մշտապես թափել, աղտոտել միջավայրը և վճարել այդ գրոշները»:
Բնապահպանական վթարների առիթով որևէ քրեական գործ մինչ այժմ չի հարուցվել, ոչ մի ընկերություն որևէ դեպքով քաղաքացիաիրավական պատասխանատվության չի ենթարկվել: Մինչդեռ առիթներն, ըստ բնապահպանների, բազմաթիվ են և պարբերական ու համակարգային բնույթ ունեն: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները որոշել են պայքարը շարունակել այլ մարտավարությամբ: Այդ պայքարի հասցեատերն այլևս բնապահպանության նախարարությունը չէ: Շարժման ակտիվիստներն, ըստ Արթուր Գրիգորյանի, հոգնել են բնապահպանության նախարարությանն ինչ-որ բան ապացուցելուց:
«Մեր խնդիրն է վերցնել ամբողջական դաշտը, տեսնել ով ինչ պարտականություն ունի և օղակ առ օղակ սկսել մեր վարույթը: Եթե դատախազությունն է անգրոծության մատնված, ուրեմն դատախազությունը պետք է պատասխանատվության ենթարկվի, եթե իրավապահներն են, ուրեմն նրան: Եվ այսպես շարունակ»:

Շարժման ակտիվիստներից Աննա Շահնազարյանն էլ հիշեցնում է, որ մեկ ամիս առաջ նամակով դիմել են գլխավոր դատախազություն, նույն նամակը նաև վարչապետին են հասցեագրել: Նամակում խոսել են բնապահանության նախարարության նագործության մասին: «Մենք տաբեր փաստեր էինք մատնանշել: Պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ մեր նամակին որևէ արձագանք ոչ կառավարությունից, ոչ դատախազությունից չի եղել»:

Ի դեպ, օրերս Միացյալ Նահանգհներ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել եր Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ամերիկաբնակ ակտիվիստներին, ովքեր իրենց անհանգստությունն էին փոխանցել վարչապետին` Հայաստանում բնապահպանական խնդիրների, մասնավորապես, հանքերի շահագործման վերաբերյալ: Վարչապետն ասել էր, որ կառավարությունը ուշադիր հետևում է բնապահպանական շարժմանը, տեղյակ է մտահոգություններին, ավելին՝ բազմաթիվ հանդիպումներ է ունենում շարժման ներկայացուցիչների հետ: Շարժման ակտիվիստներն իրենք վարչապետի այս գնահատականները համոզիչ չեն համարում և ասում են, որ կառավարության ղեկավարից ոչ թե հանդիպում, այլ կոնկրետ գործողություններ են ակնկալում:

Թողնել պատասխան

Back to top button