ԿարևորՀասարակություն

Ֆլորա Մարտիրոսյան… երգչուհի, ում երգի տակ ժողովուրդն աղոթում էր

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Այսօր Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի ունեցավ սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամների, մերձավորների և նրա արվեստի մեծաթիվ երկրպագուների հետ Հայաստանի ժողովրդական արտիստուհուն վերջին հրաժեշտն են տվել նաեւ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը: Երգչուհու հուղարկավորությունը կայացել է Երեւանի քաղաքային պանթեոնում:

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի հիվանդանոցներից մեկում կյանքից անժամանակ հեռացած հայ երգարվեստի մեր օրերի ամենավառ ներկայացուցիչներից մեկին` ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանին այսօր վերջին հրաժեշտը տվեցին նաև հայրենիքում: Արամ Խաչատրյան համերգասրահում հավաքվածների աչքերը թաց էին` մտերիմներից մինչև հազարավոր քաղաքացիներ, ի դեպ, ավագների կողքին նաև բազաթիվ երիտասարդներ:

Կորցրեցինք հրաշք կնոջ, հրաշք արվեստագետի ու անձնավորության, բայց պետք է միշտ հիշենք, որ ունեցել ենք այսպիսի ժողովրդական երգչուհի, որի նմանը, ռեժիսոր Ալբերդ Մկրտչյանի կարծիքով, այլևս երբեք չենք ունենա: Մնում է պահպանել ու փայփայել նրա թողած արվեստը` հանուն սերունդների:

Կորուստը մեծ է նաև գործընկերների համար: Իսկ իրեն Ֆլորա Մարտիրոսյանի գործընկերն է համարում հաղորդավար Կարեն Քոչարյանը: Միասին աշխատել են, համերգներով շրջել հանրապետության տարբեր մարզերում: Կարեն Քոչարյանի համար Ֆլորա Մարտիրոսյանը բացառիկ մարդ էր, ընկերասեր ու մարդասեր, իսկական գյումրեցի:
Վերջին շրջանում նա հայրենիք-սփյուռք իրական կամուրջ էր, հիացնում ու զարմացնում էր հայ մարդուն ոչ միայն հայրենիքում, այլև կարողանում էր հային հայ պահել օտար ափերում, հուզմունքը զսպել չկարողանալով մեզ հետ զրուցում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սիրված երգչուհուն այսօր հրաժեշտ տվեց նաև Դևոն Թին: Ֆրանսիան ներկայացնող երգիչը 2011-ին միացել էր Հայոց ցեղասպանությանը և աշխարհում տեղի ունեցած ոճրագործություններին «Այլևս երբեք» ասելու Ֆլորա Մարտիրոսյանի նախաձեռնությանը: Մեզ հետ զրույցում խոստանում է` շարունակել աշխատանքը առանց բռնությունների աշխարհ ունենալու այդ բարի նպատակին հասնելու համար: Իսկ մինչ այդ նրա հիշատակին նվիրված մի երգ կներկայացվի այսօր հանրությանը, որի խոսքերի և երաժշտության հեղինակը Դևոն Թին է:

Թողնել պատասխան

Back to top button