ԿարևորՏնտեսական

Ներքին աուդիտի համակարգը կայացման փուլում է

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/12/LUSINE-111.mp3

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նախաձեռնել է լսումներ «Ներքին աուդիտի ներդրման ընթացքը» թեմայով: Համապատասխան օրենքը գործողության մեջ է մտել այս տարվա հունվարից, օրենքի որոշ դրույթներ էլ գործարկվելու են 2013 թվականից: Խորհրդարանական ուժերն ու կառավարության ներկայացուցիչներն այսօր քննարկել են համակարգի ներդրման առաջին քայլերն ու արդյունքները: Ներքին աուդիտ` անկախ, օբյեկտիվ հավաստիացման եւ խորհրդատվական գործառույթ, որն ուղղված է կազմակերպության գործունեության արդյունքի մեծացմանը եւ բարելավմանը: Այն աջակցում է կազմակերպությանը հասնել իր նպատակներին` կազմակերպության ռիսկերի կառավարման, հսկողության ու գնահատման միջոցով: Այս սահմանումն է տրվում նեքին աուդիտին համապատասխան օրենքում, որը ընդունվել է 2010-ի դեկտեմբերին, գործողության մեջ է մտել 2012-ի հունվարից: Օրենքի որոշ դրույթների կիրարկումը նախատեսվում է 2013 թվականից:

Ազգային ժողովում այսօր կազմակերպված լսումների մասնակիցները համամիտ էին մեկ հարցում. ներքին աուդիտը պետական կառավարման համակարգի համար խիստ կարևոր է, համակարգը սակայն դեռևս կայացման փուլում է: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս վաղ է խոսել համակրգի արդյունավետ լիենլու կամ չլինելու մասին:

«Կարծում եմ՝ 1-2 տարուց հետո միայն կարող ենք խոսել այն մասին, թե որքանով է արդյունավետ ներքին աուդիտի համակարգը Հայաստանում, քանի որ այն իր բոլոր մեխանիզմներով դեռևս չի աշխատում»:

Օրենքի ընդունումից հետո կառավարությունը ժամանակացույց է մշակել, հաստատել է գործունեության հիմնական չափորոշիչները, մեթոդական ուղեցույցներ է մշակել: Տարբեր գերատեսչություններում նախատեսվում է մոտ 500 որակավորված աուդիտորի գործունեություն: Նրանք պետք է աջակցեն կազմակերպությանը առկա ռիսկերը բացահայտելու հարցում, պետք է գնահատեն ֆինանսական կառավարման արդյունավետությունը:

Համակարգի ներդրման առաջին քայլերը որքանով են օգնել հասկանալուն, թե ինչ է իրենից ներկայացնում ներքին աուդիտը և որն է նրա հիմնական անելիքը: Հարցը պատգամավորներից Թևան Պողոսյանին էր հետաքրքրում: «Շատ երկար ժամանակ պահանջվեց հասկանալու համար, թե աուդիտը ավելի շատ ինչ է՝ վերստուգիչ հանձնաժողով է, պատժիչ ինստիտուտ է, թե՞ խորհրդատվական կառույց»:

Որքանո՞վ է պատրսատ կառավարման համակարգը ճիշտ ընկալելու այս ինստիտուտը՝ հարցեց պատգամավորը ֆինանսասերի նախարարին: Հարցը, ըստ Վաչե Գաբրելյանի, ամենակարևորներից է: Աուդիտորների եզրակացությունները դատավճիռ չեն՝ ասում է նախարարը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն էլ կարծում է, որ ներքին աուդիտի կայացումը կարևոր է պետության համար ընդհանրապես, բյուջեի համար մասնավորապես: Շատ երկրներում արտաքին աուդիտը ամբողջությմբ հենվում է ներքին աուդիտի վրա: Այնպես որ, նեքրին աուդիտի կայացումը մեծապես կօգնի արտաքին վերահսկողներին, օրինակ Վերահսկիչ պալատին:

«Եթե այս երկու օղակները կայանան և համակարգված գործեն, մենք կկարողանանք պետական բյուջեի ծախսերի 100 տոկոսանոց վերահսկողություն իրականացանել»:

Ըստ գործող օրենքի՝ ներքին աուդիտի համակարգը գործում է կազմակերպության ղեկավարի ենթակայությամբ: Իշխան Զաքարյանն այս հարցում տրամագծորեն այլ կարծիք ունի: «Ես կարծում եմ, որ ներքին աուդիտի համակարգը պետքէ գտնվի ոչ թե հիմնարկի ղեկավարի, այլ ֆինանսների նախարարության ենթակայության տակ»:

Թողնել պատասխան

Back to top button