ԿարևորՀասարակություն

Ընդդիմության թեկնածուն լինելու է ՀԱԿ առաջնորդը, ասել է Գուրգեն Եղիազարյանը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին` քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր լրագրողներին է փոխանցել իր տպավորությունը, համաձայն որի` այսօր չի կարող վստահաբար պնդել, թե նախագահական ընտրություններին կարող է մասնակցել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքով, մինչդեռ, մի քանի օր առաջ թվում էր, թե ԲՀԿ ղեկավարն անպայման մասնակցելու է նախագահական ընտրություններին: ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ` ընդդիմությունը կունենա իր թեկնածուն եւ կարեւոր չէ, թե այդ մասին երբ կհայտարարվի, քանի որ մինչեւ հունվարի 4-ը կա ժամանակ: ՀԱԿ անդամի անձնական կարծիքով` ընդդիմության թեկնածուն լինելու է ՀԱԿ առաջնորդը:

«Վստահ չեմ, որ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի ընտրություններին, քանի որ բանակցությունները ՀՀԿ-ի հետ դեռ շարունակվում են»,-ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` խոսելով հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին: Քաղաքագետի գնահատմամբ` եթե ԲՀԿ ղեկավարը որոշի, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին, ապա ընդդիմադիր քաղաքական ուժերի մի մասը կհամախմբվի Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ:  «Եթե Ծառուկյանը չմասնակցի ընտրություններին, ապա նախագահական ընտրությունները տեխնիկական բնույթ կկրեն, և հստակ կլինի Սերժ Սարգսյանի հաղթանակը»: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ ներքաղաքական դաշտի հիմնական բանակցություններն ընթանում են հենց ԲՀԿ-ի հետ, իսկ մնացած քաղաքական ուժերը եւս հիմնականում սպասում են հենց ՀՀԿ-ԲՀԿ այդ բանակցությունների ավարտվելուն կամ չավարտվելուն:

Կախված հենց այդ բանակցություններից` քաղաքագետը չի բացառում, որ հնարավոր են շատ արագ զարգացումներ քաղաքական դաշտում, որտեղ քաղաքական ուժերը կհստակեցնեն ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափերը: Սերգեյ Մինասյանի դիտարկմամբ` ընտրություններին Ծառուկյանի չմասնակցելու դեպքում եթե ընդդիմադիր ուժերը փորձեն միավորվել, ապա դա որեւէ լուրջ ազդեցություն չի ունենա ոչ խաղի կանոնների, ոչ էլ ընթացքի վրա:

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը, մինչդեռ, կարծում է, որ ընդդիմությունը պարտադիր կունենա իր թեկնածուն:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատեց, որ ՀԱԿ-ում կան տարբեր ուղղվածություններ, տարբեր թևեր, և Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկացած որոշում, նրա համոզմամբ, կարող է դառնալ ՀԱԿ-ի կազմալուծման պատճառ: ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը չի կիսում նման դիտարկումը:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, սակայն, կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես սպասում է ԲՀԿ որոշմանը: ՀԱԿ-ի կողմից հստակ հայտարարության բացակայությունը, ըստ քաղաքագետի, խոսում է երկու բանի մասին: Նախ` ելնելով իր քաղաքական փորձից, Տեր-Պետրոսյանը չի ցանկանում արագացնել զարգացումների ընթացքը, և երկրորդ` եթե Ծառուկյանն առաջադրվի, ապա կհամագործակցի վերջինիս հետ: ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի խոսքով` երկրում տիրող ծանր վիճակը չի կարող երկար շարունակվել ու դրա համար պետք է համագործակցել, այդ թվում` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն:

Թողնել պատասխան

Back to top button