ԿարևորՀասարակություն

Ղարաբաղը նշում է անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրը

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ դեկտեմբերի 10-ին, շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: «1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն պատմական իրադարձություն էր արցախցիների կյանքում, որը կանխանշեց մեր երկրի հետագա զարգացման ուղին: 15 տարի հետո` 2006 թվականին նույն օրը, կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով մենք ընդունեցինք պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը: Դրանով իսկ մեր ժողովուրդը կրկին վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին ու համամարդկային արժեքներին` մեկ անգամ եւս ապացուցելով, որ իր ընտրած ուղին անսասան է ու ճիշտ, ընթացքն` անկասելի ու հաստատուն», — մասնավորապես ասված է Բակո Սահակյանի ուղերձում:

«Մեր նպատակն է իրականացնել մեր նախնիների դարավոր երազանքը` ունենալ ուժեղ, զարգացած ու հզոր հայրենիք, ապահովել ժողովրդի բարեկեցիկ կյանքը, սերունդների համար կերտել պայծառ ու լուսավոր ապագա: Եվ ես վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել մեր համազգային նպատակները` կյանքի կոչել միասնաբար ու համախմբված, ուս ուսի հաղթահարելով բոլոր դժվարությունները եւ քայլ առ քայլ մոտենալով մեր վերջնական հաղթանակին: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս պետական կարեւոր տոնի առթիվ եւ մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ` Արցախի անկախ պետականության զորացման անշեղ ճանապարհին»:

Թողնել պատասխան

Back to top button