ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ

Դեկտեմբերի 8-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Աշխատանքային այցի առաջին օրը կառավարության ղեկավարն այցելել է Կալիֆորնիայի Տեխնոլոգիական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի նախագահ Ժան Լու Շամոյի հետ: Հանդիպան ժամանակ վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, կրթության որակի բարելավման, հայաստանյան բուհերի միջազգային հավատարմագրման առկա գործընթացները: Քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ու այն ներուժին, որը տարեցտարի ոլորտը կապահովի աճով:

Հանդիպմանը ներկա Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ունի բավական ներուժ դառնալու Կովկասի Սիլիկոնյան Հովիտը: Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է Կալիֆորնիայի Տեխնոլոգիական hամալսարանի հայազգի շրջանավարտներին, ուսանողներին և ամերիկաբնակ հայ գիտնականների: Կառավարության ղեկավարը պատասխանել է նրանց և ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Անդրադարձ է կատարվել բնական և ճշգրիտ գիտությունների ոլորտներում առկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Քննարկվել են հայագիտությանը, աստղագիտությանը, ֆիզիկային և մաթեմատիկային, հանրակրթական մանկավարժությանը վերաբերող հարցեր: Տիգրան Սարգսյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել հետաքրքիր հանդիպման համար և հորդորել է ամրապնդել կապերը հայրենիքի հետ, նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը: Վարչապետի աշխատանքային այցն ԱՄՆ-ում կշարունակվի մինչ դեկտեմբերի 12-ը:

Թողնել պատասխան

Back to top button