Մարդու իրավունքների խախտման 31 որոշում՝ այս տարվա ընթացքում


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Հայաստանի մարդու իրավունքների պշատպան Կարեն Անդրեասյանն անդրադարձել է թեմային՝ ներկայացնելով 2012 թվականի ընթացքում պետական կառույցների կողմից մարդու իրավունքների խախտման վիճակագրությունը: Ըստ օմբուդսմենի՝ խախտման վերաբերյալ որոշումները կայացվել են այն բանից հետո միայն, երբ պետական կառույցները Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տեղեկացել են քաղաքացու բողոքի և դրա օրինականության մասին, սակայն հրաժարվել են վերականգնել խախտված իրավունքը: Այս սկզբունքով պաշտպանը 2012 թվականին 31 խախտման որոշում է կայացրել: 6-ական դեպք բաժին է ընկնում Գլխավոր դատախազությանն ու Պաշտպանության նախարարությանը, 4 դեպք՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և 3 դեպք՝ Արդարադատության նախարարությանը: Պաշտպանի կողմից իրավունքները խախտող և չվերականգնող կառույցների ցանկում են հայտնվել նաև Երևանի քաղաքապետարանը, ոստիկանությունը, Կրթության և գիտության նախարարությունը, նաև ԱԳՆ-ն, ՊԵԿ-ն ու Պետգույքի վարչությունը:
Կարեն Անդրեասյանը նաև գնահատել է Հայասատանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ու հիմնական մարտահրավերները: «Առաջին իսկ օրվանից ասել եմ և այսօր էլ շարունակում եմ կրկնել. Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված ամենամեծ խոցը դատարաններն են, մինչդեռ հենց դրանք պետք է լինեին ամենամեծ երաշխավորը մարդու իրավունքների պաշտպանության: Երկրորդ տեղում ես կդնեի սոցիալ- տնտեսական խնդիրները՝ նկատի ունենալով աղքատության մեծ չափերը, ազատ մրցակցության բացակայությունը: Երրորդ տեղում, իմ կարծիքով, ընտրական գործընթացներն են»: Ըստ պաշտպանի՝ վերջին ընտրությունները առաջընթաց արձանագրեցին այն առումով, որ չեղան բռնություններ ու ակնհայտ կոպիտ խախտումներ, բայց միևնույնն է ընտրական գործընթացին հասարակությունը դեռևս չի հավատում: Դրա մեղավորը, պաշտպանի կարծիքով, այն մարմիններն են, «որոնք, օրինակ, ընտրական բողոքների ձևական ուսումնասիրություն ու քննություն են իրականցնում»: Մայսիսյան ընտրություններից հետո հրապարակած արտահերթ զեկույցում Կարեն Անդրեասյանը նշել էր, որ խնդիը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ոստիկանության ու Գլխավոր դատախազության ձևապաշտական մոտեցումների մեջ է: