Հասարակություն

Կայացավ «Կառավարման թափանցիկություն» խորագրով հայ-գերմանական համաժողովը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր Ազգային Ժողովում կայացավ «Կառավարման թափանցիկություն» խորագրով հայ-գերմանական համաժողովը: Միջոցառման ընթացքում քննարկվեցին են հանրային ֆինանսների կառավարմանտեղական ինքնակառավարման և մարզային տնտեսական զարգացման և արդարադատության համակարգում թափանցիկության վերաբերյալ հարցեր: Համաժողովին մասնակցում էին ինչպես պետական մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Գերմանական միջազգային համագործակցության ընկերության նախաձեռնությամբ անցկացված «Կառավարման թափանցիկություն» համաժողովը միտված է մեր երկրում տեղական ինքնակառավարման, հանրային ֆինանսների կառավարման, ինչպես նաև իրավական և արդարադատության ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների իրականացմանը` տարբեր ծրագրերի միջոցով խթանելով արդյունավետ կառավարումը և թափանցիկությունը: Այս մասին իր ելույթում նշեց ընկերության Հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթը:
«Մեր գերակայությունն է Հայաստանում իրականացվող նախագծերն ուղղորդել դեպի կառավարման և ժողովրդարության բարելավմանը: Այս պարագայում մենք կարևորում ենք թափանցիկությունը ` ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորի գործունեության մեջ»:

Համաժողովի բացմանը ելույթ ունենալով, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ մեր երկրում իրականացվում է համակարգային բարեփոխումների քաղաքականություն: Այնուհետև պարոն Շարմազանովը ներկայացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողերձը համաժողովի մասնակիցներին:’

«Ողջունում եմ հայ-գերմանական համաժողովի մասնակիցներին: Համաժողովի անցկացումը Երեւանում եւս մեկ անգամ վկայում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ հանձինս Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ Հայաստանի Հանրապետության փոխվստահելի եւ արդյունավետ համագործակցության մասին:
Շատ ուրախ եմ, որ այս համաժողովի շարժիչ ուժը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն է, որի հետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ունի փոխգործակցության տարիների պատմություն: Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ մեր երկրում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ավելի քան 20-ամյա բեղմնավոր գործունեությունն արդյունավետ զարգացող հայ-գերմանական ջերմ հարաբերությունների խոսուն վկայությունն է: Հայաստանում շարունակական բարեփոխումներ են իրականացվում տարբեր ոլորտներում, որոնք ընթանում են մի շարք երկրների ու միջազգային գործընկեր կառույցների գործնական աջակցությամբ: Չափազանց բարձր գնահատելով նրանց օժանդակությունն ու մեր երկրի զարգացմանը սատարելու պատրաստակամությունը՝ ցանկանում եմ ընդգծել նաեւ մեր հասարակության ակտիվ մասնակցությունը բարեփոխումներին, առանց որի երաշխավորված չէ այդ գործընթացների հաջող ընթացքը:

Շատ կարեւոր է պետություն-հասարակություն, պետություն-մասնավոր հատված, պետություն-միջազգային կառույցներ փոխվստահելի սերտ համագործակցությունը, երբ կողմերի գործողությունները թափանցիկ են ու ընկալելի միմյանց: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր գործունեությամբ ձգտում է ապահովել հենց այդպիսի վստահության ու փոխըմբռնման մթնոլորտ, օրենսդրական դաշտի թափանցիկություն, համագործակցության տարբեր ձեւաչափեր ոչ միայն պետական կառույցների, այլեւ հասարակական, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետ:
Համոզված կարող եմ ասել, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ Հայաստանի խորհրդարանի փոխգործակցությունը ջանքերի համատեղման, փորձի փոխանակման ու միջազգային համագործակցության հաջողված օրինակ է: Այս համաժողովը եւս մի նպաստավոր քայլ կլինի՝ ուղղված Հայաստանի եւ միջազգային կառույցների համագործակցության խորացմանը, կառավարման թափանցիկության արդյունավետության բարձրացմանը, որից կշահեն ե՛ւ մեր պետությունն ու հասարակությունը, ե՛ւ, իհարկե, Հայաստանի առաջընթացով շահագրգիռ մեր միջազգային գործընկերները»:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խորհրդանշական համարեց այն հանգամանքը, որը համաժողովը անց է կացվում մարդու իրավուքների պաշտպանության օրը: Նախարարը ընդգծեց, որ շատ պետական մարմիններ արդեն իրենց գործունեությունը իրականացնում են բաց և թափանցիկ: Օրինակ, հենց Ազգային Ժողովը, որի նիստերը ուղիղ հեռարձակվում են ռադիոյով և համացանցում: Համաժողովի թեման հրատապ է գնահատել մեր երկրում Գերմանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Իր ելույթում դեսպանը անդրադարձավ Հայաստանի եվրոմերձեցման քաղաքականությանը:

«Հայաստանի որոշումն է եղել անցնել ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների գոչծընթացին, մասնմավորապես Եվրամիության Հարևանության քաղաքականության շրջանակներում, և կարելի է ասել, որ Հայաստանը արդեն այս ճանապարհի կեսին է: Սա վկայում է այն մասին, որ կա քաղաքական կամք ԵՄ իրական գործընկեր դառնալու նպատակով»:

Արդյունավետ կառավարումն այսօր միջազգային զարգացման շարժիչ ուժն է դարձել և կայուն զարգացման համար կարևորագույն նախապայման է հանդիսանում: Բոլոր երկկողմանի և բազմակողմանի կազմակերպությունները, ներառյալ` Եվրահանձնաժողովը, թափանցիկությունը համարում են արդյունավետ կառավարման հենասյուներից մեկը: «2011 փոփոխության օրակարգը» արդյունավետ կառավարումն` իր քաղաքական, տնտեսական, սոցիալական և էկոլոգիական նշանակությամբ, հռչակում է որպես համապարփակ և կայուն զարգացման կենսական գործոն: 2011-2013 թթ-ին Հայաստանի համար նախատեսած 157 մլն եվրոյից բացի, ԵՄ-ն, համաձայն իր «Ավելին ավելիի դիմաց» մոտեցման, կներդնի լրացուցիչ 15 մլն եվրո:

Թողնել պատասխան

Back to top button