ԿարևորՀասարակություն

Ի՞նչ բաղադրություն ունի երշիկը. Որոշ ընկերությունների արտադրած երշիկի մեջ միսը կազմել է 16 տոկոս

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր երշիկ արտադրող 21 ընկերությունների անբարեխիղճ մրցակցություն իրականացնելու և սպառողներին մոլորեցնելու համար տուգանել է սահմանված առավելագույն պատժաչափով ՝ տուգանք տվյալ ընկերության նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել ու պարզել է, որ երշիկի արտադրության մեջ գոմեշի, հավի ու խոզի սառեցված միս, սոյայի ու ջրի խառնուրդ, ճարպեր, բուսական յուղ, օսլա ու կաթի փոշի է օգտագործվել:
Հակամենաշնորհային կառույցը հենց այս ուսւոմնասիրության արդյունքում է պարզել,որ օրենսդրական հստակեցումներ չկան, օրինակ մինչև հիմա պարզ չէ, թե մսամթերքը երշիկ կոչվելու համար որքան պետք է լինի մսի նվազագույն քանակությունը: Տուգանված 21 ընկերություններից միայն մեկի՝ «Կարինե եւ Նարինե» ներկայացուցիչն է ներկա եղել նիստին, որի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ նոր խմբանքանկ են արտադրել:

Հայ տնտեսվարողների մտքի թռիչքն այս անգամ երևի թե կզարամցնի մեզանից շատերին: Այն, որ երշիկը մսից է պատրաստվում, գիտենք բոլորս, այդ մասին հավաստիացումներն էլ փակցվում են արտադրանքի վրա: Սակայն, մեր տնտեսվարողների մի մասը որոշել է ավադույթը խախտել ու մսի ասենք թարմ մսի փոխարեն երշիկի զանգվածը ավելացնել սոյայի ու ջրի խառուրդով: Այս դեպքում մսի մասնաբաժինը կազմել է ընդամենը 16 տոկոս: Սա ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունների ընդամենը մի մասն է, ընդգծենք, որ դրանք իրականացվել են միայն ընկերությունների ներկայացրած փաստաթղթերի ու տեղեկավտության հիման վրա:

Խախտումների ու սպառողներին մատուցած անակնկալների շարքը շարունակում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը.
«Բավականին շատ հավելումներ են օգտագործում՝ համային, գունային հավելումներ, հատկապես այն դեպքերում, երբ երշիկը ԴԻԵՏԻԿ, ՄԱՆԿԱԿԱՆ: Այս տեսանկյունից սա բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում: Երշիկների արտադրության ժամանակ մեծ քանակությամբ ճարպ է օգտագորշվում, որի վերաբերյալ նույնպես համապատասխան նշումներ չեն կատարվում: Բացի այդ, օգտագործվում է սոյա, ալյուր, բուսական յուղ, կաթի փոշի,օսլա»:
Երշիկի շուկայում հայտնաբերված խախտումները այսքանով չեն սահմանափակվում: Պարզվել է, որ շատ հաճախ ընկերությունները երշիկ արտարդրելիս օգտագործել են մի դեպքում գոմեշի, մեկ այլ դեպքում էլ սառեցված խոզի ու հավի միս: ՏՄՊՊՀ-ն նրանց մեղադրում է սպառողներին մոլորեցնելու և ճիշտ տեղակատվություն չմատուցելու մեջ: Հենց այս ուսումնասիրությունների ժամանակ ու բոլորովին վերջերս են ՏՄՊՊՀ-ում պարզել, որ մեր օրենսդրությունում հստակեցնելու շատ հարցեր կան, օրինակ մինչև հիմա պարզ չէ, թե մսամթերքը երշիկ կոչվելու համար որքան պետք է լինի մսի նվազագույն քանակությունը: Ու բնականաբար շատերն են օգտվել առիթից ու սպառողներիս մատուցել այն, ինչը երշիկ է կոչվում, բայց որի մեջ, թե իրականում ինչ է օգտագործվել հայտնի չէ: Ու քանի որ նոր են պարզել, նոր էլ փորձել են հստակեցնել օրենսդրությունն ու ուղարկել:

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել ու խախտումներ է հայտանբերել հետևյալ ընկերություններում՝ «Մուշ», «Ա. Բիլյան», «Առ Դելիկատես», «Նատֆուդ», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ»,«Մարիլա», «Բաբիկ 90», «Էրեբունի աստղ», «Հայր եւ որդի Գալստյաններ», «Երեմկա», «Էլիտ Պրոդ», «Ա. Շիրվանյան եւ ընկերներ», «Արտյոմ եւ Հրայր եղբայրներ», «Լումա», «Կարինե եւ Նարինե», «Նեպտուն Մար», «Սոս 97», «Տիրան Ղազարյան», «Գայան Ջամե», «Բարի արագիլ», «Արթուր Հակոբյան» ԱՁ

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ.« Մեր հանրապետությունում երշիկ արտադրող 21 ընկերությունների գործունեություն մեր հանձնաժողովը որակեց որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում, քանի որ այս օրինախախտումները, այս բացահայտված խնդիրները առնչվում են սպառողների շահերի հետ, հետևաբար մեր հանձնաժողովը որոշեց բոլոր այս 21 տնտեսվարողների նկատմամբ կիրառել օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն չափը՝ տարեկան հասույթի մեկ տոկոսի չափով տուգանել»:

21 ընկերություններից միայն մեկի ներկայացուցիչն էր նիստին ներկա, սպառողներին թերևս քիչ հայտնի «Նարինե և Կարինե» ՍՊԸ-ի հաշվապահը՝ Գեղամ Պողոսյանը: Երիտասարդն ասաց, որ խախտում են թույլ տվել՝ առանց գիտակցելու: Մակնշումը իրականությանը չի համապատասխանել: Ավելին, նա վստահեցնում էր, որ վաճառքի ուղարկած արտադրանքից իրենք ևս օգտվել են ընկերության ներկայացուցիչը խոստացավ այլևս չխաբել սպառողներին ու մակնշել երշիկի ճիշտ բաղադրությունը: Իսկ թե ինչ են խոստանում մյուս 20 ընկերությունները, բնակաբար հայտնի չէ:

Թողնել պատասխան

Back to top button