ԿարևորՀասարակություն

Անցած 11 ամիսներին անչափահասների կողմից կատարված հանցագործությունների նվազում է արձանագրվել

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

2012 թվականի անցած 11 ամիսներին անչափահասների կողմից կատարված հանցագործությունների նվազում է արձանագրվել: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը: Նրա փոխանցմամբ` նվազել է ինչպես հանցագործությունների քանակը, այնպես էլ` հանցագործություն կատարած անչափահասների:

Եթե նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 454 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 383 է: «Մենք ունենք 71 դեպքով նվազում»:
Նելլի Դուրյանի փոխանցմամբ` նախորդ տարվա համեմատ այս տարվա անցած 11 ամիսներին 68-ով պակաս անչափահաս է հանցագործություն կատարել: Եթե նախորդ տարի 333 անչափահաս է հանցագործություն կատարել, ապա` այս տարվա անցած ամիսների ընթացքում այս թիվը կազմել է 265: Ոստիկանության ներկայացուցիչը փոխանցեց նաեւ, որ նվազում է արձանագրվել նաեւ հանցատեսակների առումով:

Նվազել են նաեւ խուլիգանության դեպքերը` նախորդ տարվա 13-ի դիմաց այս տարի արձանագրվել է ընդամենը 4-ը, ընդ որում` ծանր խուլիգանության դեպքերը նախորդ տարի 4-ն են եղել, իսկ այս տարի 1-ը: Նելլի Դուրյանի խոսքով` նվազել են նաեւ անչափահասների կողմից թմրամիջոցների օգտագործման դեպքերը: Եթե նախորդ տարի նման 6 դեպք է արձանագրվել, ապա այս տարի այս ցուցանիշը 4 է: Ըստ ոստիկանության ներկայացուցչի` ուրախալի է նաեւ, որ նվազել է կրկնհանցագործ անչափահասների թվաքանակը: Նախորդ տարվա 7-ի դիմաց, այս տարի` այս ցուցանիշը 0 է:

Արձանագրված նվազման միտումները Նելլի Դուրյանը պայմանավորում է նախեւառաջ ոստիկանության որդեգրած նոր գործելաոճով` ամենօրյա աշխատանքներ ծավալել բոլոր դպրոցներում: Նելլի Դուրյանի փոխանցմամբ` չկա վիճակագրություն, որի վրա հենվելով հնարավոր լինի ասել, թե հանցագործություն կատարող անչափահասները հիմնականում անապահով ընտանիքներից են: Սակայն, ըստ նրա, մի բան կարելի է եզրահանգել` անչափահասների կողմից հանցագործությունների կատարումն ավելի շատ պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինները ընտանիքներում անուշադրության են մատնված: Հետեւաբար` որքան ուշադիր ու զգոն լինեն ծնողները, այնքան կփոքրանա անչափահասների կողմից հանցագործություն կատարելու հավանականությունը:

Նելլի Դուրյանի փոխանցմամբ` ոստիկանությունը աշխատում է նաեւ ծնողների հետ, քանի որ այդ կերպ միայն հնարավոր կլինի ապահովել ցանկալի արդյունք, իսկ եթե ծնողները բացասական ազդեցություն են ունենում երեխաների վրա, ապա նրանք վերցվում են հաշվառման:

Թողնել պատասխան

Back to top button