Հասարակություն

Տիգրան Սարգսյանը Մայնցում այցելել է հայ գրատպության 500- ամյակին նվիրված ցուցահանդես

Վարչապետ Տիգրան Սարգսյանի Գերմանիա պաշտոնական այցը դեկտեմբերի 7- ին շարունակվել է Մայնց քաղաքում։ Այնտեղ հանդիպել է Ռեյնլանդ Պֆալթս երկրամասի վարչապետ Կուրտ Բեկի հետ։
Հանդիպման ընթացքում ՀՀ կառավաության ղեկավարն ու Ռեյնլանդ Պֆալթս  երկրամասի վարչապետը քննարկեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես գյուղատնտեսության, ճշգրիտ սարքաշինության, տուրիզմի, դեղագործության ոլորտներում:
Քննարկվել է նաև փոքր և միջին ձեռնարկատիրության համատեղ  ծրագրերի իրականացման հեռանկարները:

Այնուհետև կառավարության ղեկավարը մասնակցել է Մայնց քաղաքի «Գուտենբերգ» թանգարանում կազմակերպված հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Վարչապետ Սարգսյանը շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված նյութերին:

Շնորհակալություն հայտնելով երկրամասի վարչապետին և Մայնցի քաղաքապետ Միքաել Էմբլինգին՝ միջոցառմանը մասնակցելու և գաղափարի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության համար, Տիգրան Սարգսյանը նշել է, որ իր համար մեծ հաճույք և մեծ պատիվ է մասնակցել այս հիանալի ցուցահանդեսին:
Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն այս տարի նշում է հայ գրատպության 500-ամյա հոբելյանը և այդ նպատակով կազմակերպվել են  մի շարք միջոցառումներ:
«Եվ խորհրդանշական է, որ մեր այդ միջոցառումների շարքն այսօր ավարտվում է այստեղ՝ Մայնց քաղաքում, գրատպության հիմնադիր Յոհանես Գուտենբերգի բարձր անունը կրող այս հրաշալի թանգարանում:

Իսկ միջոցառումների մեկնարկը տրվել էր անցյալ տարի դեկտեմբերին Վենետիկում: Այդ քաղաքի «Կոռեր» թանգարանում Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո մեծ շուքով անցկացվեց «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսը:

Վենետիկի ընտրությունը բնավ պատահական չէր: 500 տարի առաջ հենց այդ քաղաքում էր հիմնվել առաջին հայկական տպարանն ու լույս տեսել առաջին հայերեն տպագիր գիրքը: Այդ ամենի համար մենք պարտական ենք մի մարդու, որի անունը Հակոբ Մեղապարտ է:

Պատմական Հայաստանի տարածքում, որը գտնվում էր Օսմանյան և Պարսկական կայսրությունների տիրապետության տակ, նման նախաձեռնության իրականացումը այդ տարիներին հնարավոր չէր: Եվ ինչպես շատ ուրիշ հայ մտավորականներ, Հակոբ Մեղապարտը ևս իր հայացքն ուղղեց դեպի Եվրոպա՝ այնտեղ փնտրելով իր երազանքի իրականացման հնարավորությունները»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հայերի պարագայում գրատպությունը շատ ավելին էր, քան միայն վերածնունդի և լուսավորության գործիք: Անկախ պետականության բացակայության պայմաններում գիրքն ու տպագիր մամուլը, կրթությունն ու մշակույթն էր, որ հնարավորություն տվեցին մեր ժողովրդին պահպանել իր ինքնությունը:

«Հայերի համար գրատպությունն իր բացառիկ նշանակությամբ համադրելի է հինգերորդ դարի սկզբին տեղի ունեցած հայկական գրերի գյուտի հետ, որն ամուր հիմք ստեղծեց հայ ժողովրդի հետագա մշակութային և հոգևոր զարգացման համար»:

Պատկերացում կազմելու համար, թե ինչ կարևորություն է ունեցել գիրքը հայ ժողովրդի կյանքում, վարչապետ Սարգսյանը մեջբերում է կատարել «Նյու Յորք Թայմս» պարբերականում հայ գրատպության 500-ամյակին նվիրված մի հոդվածից. «Դարերի ընթացքում հայերի մոտ հատուկ վերաբերմունք է ձևավորվել գրքերի և դրանց պահպանման նկատմամբ: Գրիչները գրառումներ էին թողնում այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ խնամել և պահպանել գրքերը, ինչպես պետք է դրանք թաքցնել վտանգավոր պահերին, և նույնիսկ այն մասին, թե ինչպես փրկագնով ետ վերցնել գրքերը, երբ դրանք ընկել են սխալ մարդու ձեռքը»:

Ավարտելով խոսքը՝ Տիգրան Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպիչներին, «Գուտենբերգ» թանգարանին՝ հայկական մշակույթը  գերմանական հասարակությանը ներկայացնելու այս բացառիկ հնարավորությունը ստեղծելու համար:

Թողնել պատասխան

Back to top button