Քաղաքական

Պարույր Հայրիկյանը կմասնակցի նախագահական ընտրություններին

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական գործիչները հստակեցնում են իրենց մասնակցության ձևաչափը: Եթե ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը արդեն ձեռնարկում է գործնական քայլեր, ապա «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից Աշոտ Մանուչարյանը դեռևս չի տեսնում իր առաջադրման անհրաժեշտությունը:

Պարույր Հայրիկյանը ասրդեն իսկ ձեռնարկել է ընտրագրավի գումարի հավաքագրման գործընթացը: Անհրաժեշտ 8 մլն դրամից նա արդեն ունի 4 մլն 800 հազարը: Ըստ նրա՝ Հայաստանի նոր նախագահը կարող է էականորեն նպաստել մեր ազգային կյանքի բարելավմանը, և ինքը պատրաստ է շարունակել ծառայել ժողովրդին ` իշխանական լծակի տեր դառնալու դեպքում:

Հայրիկյանը որևէ քաղաքական ուժի կամ համախոհի անուն չտվեց: Միևնույն ժամանակ խոստովանեց, որ գործակցության փորձ ունի շատերի հետ: Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը աջակցել է Աիմավանում եկեղեցու կառուցման հարցում: Օրերս էլ ԱԻՄ առաջնորդը մասնակցել է  ՀՅԴ-ի նախաձեռնած նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական միասնական պլատֆորմ ձևավորելուն նվիրված խորհրդաժողովին:
Փետրվարի 18-ին  ընդառաջ Հայրիկյանը կարևորում է Ազգային համաձայնության խորհրդի ձևավորումը մոտակա մեկ շաբաթվա ընթացքում: Եթե, այնուամենայնիվ, ընդդիմությանը չհաջողվի միավորվել, ԱԻՄ ղեկավարը հավակնում է լավագույն դեպքում ստանալ ընտրողների ձայների 20 տոկոսը:
Ինչևէ՝ քաղաքական գործիչն այսօր անդրադարձել է և գործող նախագահ Սերժ Սարգսյանի շահեկան տարբերվող հնարավորություններին: Ընդդիմությունը կարող է հաղթել միավորման միջոցով, ընդգծեց Պարույր Հայրիկյանը, հիշեցնելով նաև 1996 թվականի նախագահական ընտրությունների փորձը, երբ ընդդիմադիր դաշտը հանդես եկավ միասնական թեկնածուով, իսկ այն ժամանակ իշխող ուժը կեղծեց արդյունքները:
Այս անգամ արդար ընտրությունների պարագայում երկրորդ փուլը անխուսափելի կլինի, նշեց ԱԻՄ առաջնորդը:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի դիտարկմամբ՝ փետրվարյան ընտրություններում ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի համար նախընտրելի է գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը: Մտահոգություն հայտնելով Հայաստանի քաղաքական դաշտի «դրսից թելադրված արժեհամակարգի շրջանակներում գործունեությամբ»՝  Մանուչարյանը հանդես եկավ ազգային ուղղվածության ուժի ի հայտ գալու օգտին:
Միևնույն ժամանակ՝ նա համոզմունք հայտնեց, որ ընտրություններին ընդառաջ ընդդիմությանը չի հաջողվի հասնել միասնականության, քանի որ ներկա իրողությունը հուշում է, որ երկրորդ փուլ չի լինի և գործող նախագահի հաղթանակը կանխորոշված է:

Թողնել պատասխան

Back to top button