Միջազգային

Եգիպտոսի բանակը թույլ չի տա անկարգությունների տարածումը. զինվորականների առաջին արձագանքը

Եգիպտոսի բանակը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում քաղաքացիների անվտանգության եւ պետական սեփականության պահպանության համար եւ թույլ չի տա անկարգությունների տարածումը երկրում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Քաղաքական նոր ճգնաժամից հետո սա զինվորականների պաշտոնական առաջին ելույթն է։

Նոյեմբերի վերջին նախագահ Մուհամմեդ Մուրսին ընդունեց նոր Սահմանադրական հռչակագիր, որով իրեն վերապահեց օրենսդրական նշանակալի լիազորություններ, որոնք չի կարելի վիճարկել անգամ դատական կարգով։

Եգիպտոսի բանակը, ասված է հայտարարության մեջ, աջակցում է ընդդիմության եւ նախագահի կողմնակիցների միջեւ երկխոսությունը եւ կարծում է, որ բանակցծությունները կայունության հաստատման միակ ընդունելի միջոցն են։

Մուրսիի այս որոշումից հետո ընդդիմությունը երկրում կազմակերպեց բողոքի զանգվածային գործողություններ, որոնք շատ դեպքերում հանգեցնում են Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումների։
Ընդդիմությունկը պահանջում է չեղյալ հայտարարել Հռչակագիրը եւ հետաձգել սահմանադրական հանրաքվեն, որը նշանակված է դեկտեմբերի 15- ին։

Թողնել պատասխան

Back to top button