Հասարակություն

Առողջության համար վնասակար են նաեւ դասագրքե՞րը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Մեր երեխաների առողջությունը վտանգված է ամեն տեսանկյունից: Նրանք անգամ դպրոցում չեն կարող ապահով լինել, ահազանգում է կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Մշտապես խոսվում է դասագրքի բովանդակության, և դրանում առկա խնդիրների մասին: Բայց չէ՞, որ դասագրքի ստեղծման ևս մեկ կարևոր պահանջ կա ու գուցե շատ ավելի կարևոր, քան՝ բովանդակային համապատասխանեցումը:
Եթե բովանդակայինը աշակերտի համար գիտելիք ստանալու ճիշտ ուղղությունն է ապահովում, ապա սանիտարահիգիենիկ նորմերի պահանջը անմիջապես նրա առողջությանն է վերաբերում:
Դասագրքերի սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման մասին ինչ-որ մի փաստաթուղթ է եղել դեևս խորհրդային ժամանակներից, որի մասին,  սակայն, նորանկախ Հայաստանի կառավարությունը պարզապես մոռացել էր և միայն 2010 թվականին խորհրդարանում դրա մասին բարձրաձայնեց ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը։
Այսօր արդեն կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ անցել է 2 տարի, բայց կառավարությունը կարծես թե դարձյալ մոռացության է տալիս մեր երեխաների առողջությանը վերաբերող այս կարևոր հարցը:
Խնդիրը, ի դեպ, ոչ այնքան կրթության, որքան առողջապահության նախարարությանն է վերաբերում: Անահիտ Բախշյանի տեղեկացմամբ` առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների և կրթության ազգային ինստիտուտի հետ համապատասխան աշխատանքի արդյունքում կարգը մշակվեց, բայց թե որքանով են այդ նորմերը պահպանվում, ոչ ոք չի կարող հստակ ասել:
Այդ պահանջների մեջ է մտնում նաև դասագրքի քաշը: Թե որքանով է այս նորմը պահպանվում, երևի թե հասկանալի է բոլորին, ովքեր ունեն դպրոցական երեխաներ ու ովքեր տեսնում են, թե ինչ դժվարությամբ են այդ ծանր դասագրքերով պայուսակները երեխաները դպրոց տանում:
Ըստ փաստաթղթի՝ սա առողջապահության նախարարության գործառույթն է, բայց պատասխանատվություն է կրում նաև կրթության և գիտության նախարարությունը: Վերջինս պետք է պահանջի առողջապահության նախարարությունից ապահովել դասագրքերի սանիտարահիգիենիկ նորմերը:
Ինչ խոսք` փորձաքննությունը նաև մեծ գումարների հետ է կապված: Բայց չպետք է մոռանալ, որ կենտրոնում երեխաների առողջության հարցն է և Հայաստանում էլ կան համապատասխան լաբորատորիաներ, որոնց պետությունը կարող է պատվիրել համապատասխան փորձաքննություն անցկացնել: Առավել ևս, որ այս աշխատանքը նախատեսված է նաև բյուջեով:

Թողնել պատասխան

Back to top button