ԿարևորՀասարակություն

Սիրահայերի խնդիրները Հայաստանում, նաեւ՝ Սիրիայում

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Աշխատանք, ու հատկապես բարձր վարձատրվող աշխատանք գտնելը  սիրիահայերի համար լուրջ  խնդիր է համարում  Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնի ղեկավար  Լենա Հալաջյանը:  Նրա խոսքով` սիրիահայերը դժվարություններ ունեն բնակարանների վարձերը վճարելու առումով:
Կենտրոնին շատերը դիմում են կեցության հետ կապված հարցերով:  Ամռանը ժամանակավոր Հայաստան եկած  մեր հայրենակիցներն այսօր նաև ձմեռային հագուստի կարիք ունեն:

Կենտրոնում, որը մոտ երկու ամիս առաջ ստեղծվել է Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, գրանցված է շուրջ 1500 ընտանիք: Բայց իրականում այս թիվն ավելի մեծ է, ասում է Լենա Հալաջյանը, տարբեր տվյալներով` մոտ 2 հազար ընտանիք: Գրանցումից շատերը խուսափում են` համարելով այն նվստացուցիչ, բայց դա այդպես չէ, ընդգծում է կենտրոնի տնօրենը։
Սկզբնական շրջանում սիրիահայերի խնդիրները կապված էին անձնագրերի, վիզաների, կեցության իրավունքի տրամադրման հետ, սեպտեմբերից դրանց ավելացան կրթության հետ կապված հարցերը: Մի շարք օրենքներում կատարված փոփոխությունները լուծեցին փաստաթղթային խնդիրները:  Փակված կարելի է համարել նաև երկրորդ խնդիրը։

Այսօր կենտրոնին հաճախ դիմում են բնակարանների վարձերի խնդիրներով:  Կարիքավոր շուրջ 350 ընտանիքի բնակարանի 3 ամսվա վարձը` հոկտեմբերից մինչև դեկտեմբեր, վճարել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը`  յուրաքանչյուր ընտանիքի տրամադրելով 60 հազար դրամ:
Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնում ակտիվորեն զբաղվում են աշխատանքի տեղավորման հարցերով: Դիմել են առաջին 300 հարկատու ընկերություններին։
Ամռանը ժամանակավորապես Հայաստան եկած շատ սիրիահայեր այսօր ձմեռային հագուստի խնդիր ունեն: Այս հարցում աջակցում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը: Մեծահասակաների համար 55, մինչև 14 տարեկանների համար 35 հազար դրամ արժողությամբ կտրոններ է տրամադրել 200 անձի` տարբեր խանութներից ձմեռային հագուստ ձեռք բերելու համար:
«Տիրամայր Հայաստանի կուսաստան» հասարակական կազմակերպությունը երկուշաբթի սիրիահայերին կփոխանցի 300 կտոր ձմեռային հագուստը:  Հայաստանի միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամը նախատեսում է շուրջ 200 ընտանիքի 5000 դրամ արժողությամբ կտրոններ  տրամադրել`  սնունդ ձեռք բերելու համար: Այս օերերին արդեն կսկսեն բաժանել:

Լենա Հալաջյանի խոսքով` առավել մեծ աջակցության կարիք զգում են Սիրիայում մնացած հայերը: Հայտարարված օգնությունները շատ են,  բայց դրանք չեն ծածկում կարիքի 20 տոկոսն անգամ:  Սիրիահայերի անունից նա շնորհակալություն է հայտնում երկրից նախագահից մինչև շարքային քաղաքացի` գրկաբաց ընդունելու և աջակցելու համար:

Թողնել պատասխան

Back to top button