ԿարևորՀասարակություն

Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանին

Դուբլինում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում երեկ համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոնը և Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար-բանագնաց Բեռնար Կազենևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են արել ցուցաբերել խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար անհրաժեշտ քաղաքական կամք:

«Ինչպես հայտարարել են մեր նախագահները հունիսի 18-ին Լոս Կաբոսում, կողմերը պետք է առաջնորդվեն Հելսինկիի սկզբունքներով՝ այն է՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման ու իրավահավասարության իրավունք, ինչպես նաև մեր երկրների կողմից 2009-ին Աքվիլայում և 2010-ին Մուսկոկայում նշված տարրերով: Հղում անելով 2011-ին Դովիլում մեր նախագահների կողմից արված հայտարարությանը՝ մենք վերստին հորդորում ենք կողմերին՝ վճռական քայլեր ձեռնարկել խաղաղ համաձայնության հասնելու համար: Մենք ցավում ենք, որ խաղաղ գործընթացի ավելի արագ առաջընթացի սպասումները, որոնք ծագեցին Ռուսաստանի նախագահի հետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հունվարի 23-ին Սոչիում արված համատեղ հայտարարությունից, չարդարացան»,-ասված է Լավրով-Քլինթոն-Կազենև հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները նաև ընդգծում են, որ փոխզիջումների վրա հիմնված համաձայնությունների որոնման փոխարեն կողմերը ձգտում են բանակցություններում միակողմանի առավելության հասնել: Ընդունելով, որ վերջին ամիսների ընթացքում շփման գծում և սահմանի վրա լուրջ միջադեպերը նվազել են, այդուհանդերձ նրանք կողմերին հիշեցրել են, որ անհրաժեշտ է պահպանել 1994-ին ընդունված հրադադարը և այն, որ ռազմական ուժի կիրառումը խնդիրը չի լուծելու: «Մենք կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ իրենց բնակչության շրջանում թշնամություն սերմանող գործողություններից ու հայտարարություններից, որոնք վերջին ամիսներին մեծացրել են լարվածությունը: Կողմերի առաջնորդները պետք է իրենց ժողովուրդներին նախապատրաստեն կրկին ապրելու որպես հարևաններ, այլ ոչ՝ թշնամիներ՝ միմյանց մշակույթի, պատմության ու ավանդույթների հանդեպ հարգանքով»,-ասված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button