ԿարևորՏնտեսական

Հայաստանը կայուն քաղաքական համակարգ ունեցող պետություն է, Գերմանիայում հայտարարել է Տիգրան Սարգսյանը

Ֆրանկֆուրտում, գերմանական «Commerzbank»-ում, կազմակերպված հայ-գերմանական գործարար համաժողովի մասնակցությամբ է մեկնարկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական այցը ԳԴՀ։

Համաժողովի քննարկումների առանցքում երկկողմ գործարար կապերի զարգացմանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, Հայաստանում և եվրոպական տարածաշրջանում առկա մակրոտնտեսական իրավիճակին առնչվող հարցեր են:
Տիգրան Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի ներդրումային գրավչության հարցին։

«Նախ` Հայաստանը կայուն քաղաքական համակարգ ունեցող պետություն է: Մեր կառավարության նպատակն է ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդումը, ինչպես նաև վերահսկելիության և թափանցիկության սկզբունքների վրա պետական կառավարման համակարգի շինարարությունը:

Մենք այսօր ունենք բարվոք մակրոտնտեսական իրավիճակ, ճգնաժամի տարիներին մեզ հաջողվել է ամբողջությամբ կատարել պետության սոցիալական պարտավորությունները և երկիրը զերծ պահել սոցիալական ցնցումներից, ունենք ամուր և լավ զարգացած բանկային համակարգ:

Այսօր արագ տեմպերով զարգանում է նաև ապահովագրական շուկան: Մենք ձեռնարկում ենք քայլեր ֆինանսական ծառայությունների շուկայի ընդլայնման և խորացման ուղղությամբ: Նպատակաուղղված քաղաքականություն է իրականացվում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ:

Հայաստանն իրականացնում է ներդրումների խրախուսման նպատակաուղղված քաղաքականություն, որը միջազգային կազմակերպությունների կողմից գնահատվում է որպես ԱՊՀ երկրների թվում ամենաբացը:

Կառավարությունը մշակել և իրականացնում է արտահանմանը միտված արդյունաբերության զարգացման ռազմավարություն: Արդյունաբերական քաղաքականության շրջանակներում մենք ընտրել ենք մի շարք առաջնային ոլորտներ. ճշգրիտ ճարտարագիտություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն, ադամանդագործություն, կոնյակագործություն և այլն: Պետության աջակցությամբ ստեղծվում են գիտահետազոտական լաբորատորիաներ և այլ ենթակառույցներ՝ գործող և նոր ստեղծվող բիզնեսների համար:

Մեր գործադրած ջանքերն արդեն տալիս են առաջին պտուղները: 2012 թվականի առաջին կիսամյակի տվյալներով արդյունաբերության աճը կազմել է ավելի քան 10 տոկոս:

Բարձր տեխնոլոգիաների և նորարարական ոլորտների ներգրավման նպատակով ստեղծում ենք ազատ տնտեսական գոտիներ և ընդունել ենք հատուկ օրենսդրություն դրա վերաբերյալ:

Արտահանման հնարավորությունների առումով կարևոր է, որ Հայաստանը հանդիսանում է ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի պայմանագրի մասնակից պետություն: ԵՄ հետ առևտրում ունենք «GSP+», որի արդյունքում ԵՄ արտահանվող մեր շատ ապրանքների նկատմամբ կիրառվում է մաքսատուրքի զրոյական դրույքաչափ:

Բացի այդ, այսօր ԵՄ հետ բանակցում ենք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ: Հուսով ենք, որ այն բարեհաջող կավարտվի և ուժի մեջ կմտնի մինչև հաջորդ տարվա վերջ:

Հայաստանը կնքել է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ պայմանագրեր մոտ 39 երկրների, այդ թվում` Գերմանիայի հետ: Իսկ կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագրեր ունենք 32 երկրների հետ: Ինչ վերաբերում է Գերմանիային, հարկումից խուսափելու մասին պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվելու են 2013-ի մարտ ամսին՝ համաձայն մեկ ամիս առաջ Երևանում կայացած հայ-գերմանական միջակառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի որոշման»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը, պատասխանելով ներկաներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, խոսել հայ-ռուսական ռազմավարական և տնտեսական հարաբերությունների մասին, ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել է Վրաստանի տարածքով անցնող ճանապարհային հաղորդակցության ենթակառուցվածքների, մասնավորապես, ռուս վրացական երկաթուղու վերագործարկման հնարավորությանը:

Գործարար համաժողովին հայկական և գերմանական մի շարք ընկերություններ ներկայացրել են համատեղ գործարար ծրագրերը, քննարկել են դրանց արդյունավետության բարձրացման և նոր ձեռնարկումներ սկսելու հեռանկարները:

Համաժողովին Տիգրան Սարգսյանն հանդես է եկել եզրափակիչ խոսքով, որում մասնավորապես ասել է, «Միջազգային վարկանիշային գործակալությունները՝ Ֆիչը և Մուդիսը համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա ներկայացնելով Հայաստանն իրենց վերլուծություններում, նշում են մեր երկրի համար առկա աշխարհաքաղաքական ռիսկերը:

«Մենք պետք է ավելի մեծ բարեփոխումների ծրագրեր իրականացնենք, որպեսզի կարողանանք չեզոքացնել այդ աշխարահաքաղաքական բացասական ռիսկերի ազդեցությունը: Մեր կառավարությունը և քաղաքական թիմը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստանձնել է հենց այդպիսի հանձնառություն:

Մենք ուրախ ենք, որ այս տարիների ընթացքում կատարված բարեփոխումները հնարավորություն տվեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մտնել վերականգնման ավելի հուսալի փուլ: Վերջին երեք տարիների տնտեսական ցուցանիշները վկայում են, որ ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ իրականացված բարեփոխումները տալիս են իրենց դրական արդյունքները: Համագործակցելով Եվրամիության և եվրոպական ներդրողների հետ մեզ համար ավելի հեշտ կլինի հաղթահարել բոլոր դժվարությունները: Այսօրվա համաժողովի նպատակն է համատեղել ջանքերը և հասնել զգալի արդյունքների»:

Տիգրան Սարգսյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև «Commerzbank»-ի կառավարման խորհրդի անդամ Միքայել Ռոյթերի հետ:

Թողնել պատասխան

Back to top button