ԿարևորՔաղաքական

Ավելի հեշտ է սրի քաշել խաղաղ բնակչությանը. Մամեդյարովին հակադարձում է Քոչարյանը

Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարար Էդմար Մամեդյարովի` ամեն ինչ պարզ է.  անհրաժեշտ է միայն երկու պայման իրականացնել: Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը զինաթափվում է և դադարում է գոյություն ունենալ: Երկրորդ՝ Ղարաբաղը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ, հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբենելով Մամեդյարովի՝ Ղարաբաղյան խնդրին նվիրված  «Wall Street Journal»-ում հրապարակած հոդվածը։

«Տրամաբանությունը պարզ է. այն, ինչ որ չստացվեց ռազմական ագրեսիայի միջոցով, երբ ռազմական գործողությունները դադարեցնել պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամեն բանաձևից հետո Ադրբեջանը սկսում էր նոր ռազմական գործողություններ և նոր պարտություններ էր կրում, մինչև որ ստիպված չեղավ խնդրելու հանդիպումներ կազմակերպել ԼՂՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև` զինադադար կնքելու համար, ավելի դյուրին կստացվի, եթե բացառվի նոր ագրեսիային հակադարձելու հնարավորությունը:

Չէ՞ որ ավելի հեշտ է սրի քաշել խաղաղ բնակչությանը, ինչպես դա տեղի ունեցավ Սումգայիթում, Կիրովաբադում, Շամխորում, Բաքվում, Մարաղայում… Իսկ ավելի հեշտ է սպանել մարդկանց քնած ժամանակ: Այ այդ դեպքում Ադրբեջանում կբազմապատկվեր «ազգային հերոսների» թիվը` ռամիլ սաֆարովների թիվը: Այ այդ ժամանակ կիրականանար Բաքվի երազանքը` տեսնելու ամբողջ Ղարաբաղը այնպիսին, ինչպիսին են մինչև օրս Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող ԼՂՀ տարածքներն: Տարածքներ, որտեղ չկան հայեր, ոչնչացված են նրանց այնտեղ լինելու հետքերը և որոնք բնակեցված են միայն ադրբեջանիցներով:

Բաքուն ձևացնում է, իբրև թե չի հասկանում, որ ռազմական ագրեսիայի և շրջափակման պայմաններում կայացած Ղարաբաղի ժողովրդավարական պետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և որ համամարդկային արժեքների վրա հիմնված միջնորդների և միջազգային հանրության հանդուրժողականությունը չի նշանակում Ադրբեջանի հայատյացության ու ագրեսիվ կեցվածքի խրախուսում: Ադրբեջանի ղեկավարությունը իր թվացյալ անհասկացողությամբ շարունակում է խոչընդոտել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին:

Պարոն Մամեդյարովը հանդես է գալիս պարզ և արագ որոշումների դիրքերից, ընդ որում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը շրջանցելու ճանապարհով: Բաքուն ունի նման հնարավորություն. Ադրբեջանը դուրս է բերում զորքերը իր կողմից օկուպացված ԼՂՀ տարածքներից, ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին տարածքային ամբողջականությունը հակադրելու փոխարեն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ստեփանակերտի հետ ուղղակի բանակցությունների միջոցով քննարկում է ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացման հետ կապված հարցերը»,- ասել է Շավարշ Քոչարյանը։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button