ԿարևորՀասարակություն

Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 24-րդ տարելիցն է

Այսօր լրանում է Սպիտակի աղետալի երկրաշարժի 24- րդ տարելիցը։ Ինչպիսի դասեր են առել, եւ առել ենք արդյոք այս աղետից։ 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները՝ նրա տարածքի մոտ 40%-ը։ Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17%-ը, շուրջ 8 մլն քառ. մ բնակելի տարածություն։ Դադարեցին գործել 170 արդյունաբերական ձեռնարկություններ, շուրջ 1200 անասնապահական շինություններ ավերվեցին։

Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայեր շտապեցին հայրենիք՝ իրենց հետ բերելով սննդամթերք, հագուստ, դեղորայք։

Նրանցից շատերը՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին Հայաստանում և անմիջականորեն մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։ Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը աղետի ենթարկվեց, և նրա 7 հոգուց բաղկացած անձնակազմը զոհվեց Երևանի մատույցներում։ Հայ ժողովուրդը մշտապես կպահպանի նրանց հիշատակը։ Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։ Իտալացիները մի ամբողջ բնակելի թաղամաս կառուցեցին Սպիտակում, նորվեգացիները՝ ժամանակակից հիվանդանոց, որը կրում է մեծ հայասեր Ֆ. Նանսենի անունը։ Թաղամաս են կառուցել ավստրիացիները։ Գյումրիում շահագործման հանձնվեց անգլիացիների կառուցած դպրոցը, որի բացմանը մասնակցեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը:

Թողնել պատասխան

Back to top button