ԿարևորՀասարակություն

Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա եւ ԱՄՆ

Դեկտեմբերի 6-14-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Դեկտեմբերի 6-ին վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա այցով կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կմասնակցի «Commerzbank»-ի կենտրոնակայանում կայանալիք գործարար համաժողովին և հանդիպում կունենա «Commerzbank»-ի ղեկավարության հետ: ԳԴՀ այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը երկրամասի ղեկավարության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Ֆրանկֆուրտի հայ համայնքի հետ: Կառավարության ղեկավարը կմասնակցի նաև «Gutenberg» թանգարանում կազմակերպվող, հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին:

Դեկտեմբերի 8-ին Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկֆուրտից կմեկնի ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգ: Եռօրյա աշխատանքային այցի առաջին օրը ՀՀ կառավարության ղեկավարը կայցելի Կալտեք համալսարան, հանդիպում կունենա համալսարանի ղեկավարության հետ, ինչպես նաև Կալիֆորնիայի հայ գիտնականների հետ: Հանդիպմանը ներկա կլինի նաև ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Դեկտեմբերի 9-ին վարչապետ Սարգսյանը կայցելի Գեթթի թանգարան` 14-րդ դարի Վերածննդի դարաշրջանի սկզբի Ֆլորենցիայի գեղանկարչության ցուցադրությունը դիտելու և Գեթթի պահոց՝ Զեյթունի ավետարանի 8 էջերին ծանոթանալու նպատակով: Այնուհետև Տիգրան Սարգսյանը կժամանի Բըրբանք` Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան ԱՄՆ առաջնորդարան, որտեղ կհանդիպի Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այցի երրորդ օրը ՀՀ վարչապետը Սթենֆորդի համալսարանում կմասնակցի «ArmTech Congress»-ի լիագումար նիստին և հանդես կգա ելույթով: Կառավարության ղեկավարը կայցելի «Plug and Play» համակարգչային ընկերությունների ինկուբատոր, որտեղ ներկա կգտնվի Հայաստանի ՏՏ ներկայացուցչական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը և Հայաստանում վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին հուշագրի ստորագրմանը: Նախատեսվում է նաև «Intel» ընկերության կողմից Հայաստանում գիտա-հետազոտական կենտրոն հիմնելու մասին փոխ¬ըմբռնման հուշագրի ստորագրում, Տիգրան Սարգսյանի այցը IBM ընկերության Ալմադեն հետազոտական կենտրոն և հանդիպում IBM-ի ղեկավարության հետ:

Դեկտեմբերի 11-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Բոսթոն, որտեղ նախատեսվում է ՀՀ վարչապետի մասնակցությունը Հարվարդի համալսարանի Բելֆեր կենտրոնում կայանալիք սեմինարին: Տիգրան Սարգսյանը կայցելի նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, կհանդիպի տեղի հայ ուսանողների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան:Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում են ՀՀ կառավարության հասարականության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Թողնել պատասխան

Back to top button