ԿարևորՔաղաքական

Ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ- ին լուրջ անհանգստություն է հարուցում. քննարկումներ Դուբլինում

Իռալնդիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկած ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավոր։ման մասին հայտարարությունը։

Առայժմ համանախագահները մաքոքային դիվանագիտություն են վարում եւ Նալբանդյան- Մամեդյարով հանդիպում չեն նախատեսում։ Եթե նման հանդիպում այս համաժողովի շրջանակներում տեղի չունենա, ապա հաջորդ տարեսկզբին նախատեսվում է նման հանդիպում։

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը լրագրողներին հայտնել է, որ նման հանդիպումը տեղի ունենա հունվարի վերջին Փարիզում։

ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը առիթ է դարձել, որ միջազգային ատյաններում եւս մեկ անգամ խոսվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։

Տեղերում լարվածության թուլացմանը եւ քաղաքական բանակցությունների համար լավագույն պայմանների ստեղծմանը կարող է նպաստել նաեւ պարբերական մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակներում տեղացի զինվորական հրամանատարները կարող են նստել եւ միմյանց հետ քննարկել անվտանգության գործնական հարցեր։

Լամբերտո Զանիեր

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Արդեն ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ Մոսկվան կշարունակի ջանքեր գործադրել հակամարտող կողմերի դիրքորոշումները մերձեցնելու ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չի տեսնում։ Լավրովը կարծում է, որ մեկ տասնամյակից ավելի ձգձգվող չկարգավորված հակամարտությունները ԵԱՀԿ տարածքի անվտանգության հիմնական սպառնալիքն են։

Մինչեւ նիստը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը լուրջ անհանգստություն է հարուցում եւ հույս հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Դուբլինում կարող են ընդհանուր լեզու գտնել եւ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ հանդես գալ հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ։

«Նման մթնոլորտում անգամ նման ոչ մեծ քայլը կարեւոր է կարգավորման գործընթացը պահպանելու համար, սակայն պակաս կարեւոր չէ նաեւ առաջընթացը, հատկապես նկատի ունենալով Հայաստանում եւ Ադրբեջանում առաջիկայում նախատեսված նախագահական թնտրությունները»,- ասել է Զանիերը։

Նա ընդգծել է, որ կողմերը պետք է քաղաքական կամք գործադրեն, որպեսզի բանակցությունների միջոցով հասնեն խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ արդյունավետ կատարեն մինչ այս ստանձնած պարտավորությունները։
«Ես նկատի ունեմ հրադադարի ռեժիմի ամրապնդումը եւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատումը։ Տեղերում լարվածության թուլացմանը եւ քաղաքական բանակցությունների համար լավագույն պայմանների ստեղծմանը կարող է նպաստել նաեւ պարբերական մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակներում տեղացի զինվորական հրամանատարները կարող են նստել եւ միմյանց հետ քննարկել անվտանգության գործնական հարցեր»,- ասել է Զանիերը։

Թողնել պատասխան

Back to top button