ՀասարակությունՏնտեսական

Կենսաթոշակային համակարգի ամենահեղափոխական բարեփոխումը՝ ըստ Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի տնօրենի

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

2013 թվականի հունվարի 1- ից ուժի մեջ է մտնելու միասնական եկամտային հարկը, որը փոխարինելու է ներկայիս եկամտահարկին ու պարտադիր սոցիալական ապահովության վճարներին: 2014 թվականից էլ ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

Եթե ներկայում գործող կենսաթոշակային համակարգով քաղաքացու կենսաթոշակը կախված է աշխատանքային ստաժից, ապա բարեփոխված համակարգով անձի կենսաթոշակը կձևավորվի աշխատունակ տարիքում կատարած կուտակային վճարներից:
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը կարծում է, որ կուտակային այս համակարգը ոլորտի ամենահեղափոխական բարեփոխումներից է։
Կենսաթոշակային բարեփոխումների սահուն ընթացքն ապահովող փոփոխություն է եկամտային հարկի և անձնավորված հաշվառման համակարգի ներդրումը: Ներկայումս գործող եկամտահարկը, աշխատողի սոցիալական ապահովության վճարը և գործատուի կողմից վճարվող սոցիալական ապահովության վճարը, որպես առանձին հաշվարկվող պարտավորություններ,  2013 թվականից այլևս չեն լինելու: Դրանց փոխարեն գործածության մեջ է դրվելու մեկ միասնական եկամտային հարկ, որը միավորելու է այդ երեքը:
Եկամտային հարկի փոփոխությունը կատարվել է 3 սկզբունքների հիման վրա. աշխատող քաղաքացու փաստացի եկամտի չափը չի պակասելու, չեն նվազելու պետական բյուջեի եկամուտները, ինչպես նաև գործատուների համար լրացուցիչ հարկային բեռ չի առաջանալու:

Միասնական եկամտային հարկի ներդրումը  հիմնականում ուղղված է գործատուներին, որոնք ունեն վարձու աշխատողներ: Բոլոր գործատուները մինչև 2013 թվականի առաջին հաշվետվությունը ներկայացնելը պետք է դիմեն և ստանան նույնականացման քարտ: Նույնականացման քարտ ստանալու վերջնաժամկետը լրանում է փետրվարի 20-ին:
2013 թվականից բոլոր գործատուների հաշվերտվությունները պետք է լինեն էլեկտրոնային, ուստի այսօրվանից գործատուների համար առաջնային խնդիրներից մեկը հնարավորինս շուտ էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելն է, առանց որի նրանք պարզապես  չեն կարողանա հաշվետվություններ ներկայացնել:

Թողնել պատասխան

Back to top button