ԿարևորՄիջազգային

Թուրքիան Հայոց ցեղասպանության այլընտրանքային ցուցահանդես կբացի. Դանիայի որոշումը քննադատության առարկա

Դանիայի Թագավերական գրադարանի որոշումը՝ թույլատրել Թուրքիային կազմակերպել Հայոց ցեղասպանության մասին այլընտրանքային ցուցահանդես, խիստ քննադատությունների առիթ է դարձել։

Գրադարանը տեղի է տվել Թուրքիայի ցանկությանը` միջամտել «Հայոց ցեղասպանությունն ու սկանդինավյան արձագանքը» ցուցահանդեսին, որն այժմ գործում է Կոպենհագենի համալսարանում»:

Թուրքիայի դեսպանատանը հնարավորություն է տրվել ներկայացնելու պատմական իրադարձությունների իր վարկածը, ինչն արժանացել է տարբեր շրջանակների՝ ներառյալ քաղաքական գործիչների, պատմաբանների և Կոպենհագենում Հայաստանի դեսպանատան քննադատությանը:

«Սա նույնն է, թե նեոնացիստներին խնդրել կազմակերպել Հոլոքոսթի մասին ցուցահանդես»,- Դանիայի ժողովրդական կուսակցության խոսնակ Սորեն Էսպերսենն ասել է Berlingske թերթին, հաղորդում է Copenhagen Post-ը:

Պատմաբան, Հայոց ցեղասպանության առաջատար փորձագետ Մաթիաս Բյորնլունդն տարակուսանքն է հայտնել  Թագավերական գրադարանի որոշման կապակցությամբ։

«Եթե կարծում եք, որ պատմության բոլոր վարկածները հավասար են, ապա դուք թերագնահատում եք ձեր դերը` որպես հետազոտական ինստիտուտ,- ասել է գիտնականը՝ շեշտելով,- դա ցեղասպանություն էր, և պատմության ոչ բոլոր մեկնաբանություններն են հավաստի»։

Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանը նույնպես հիասթափված է գրադարանի որոշումից: «Ես հուսով եմ, որ Թագավորական գրադարանը կվերանայի իր որոշումը եւ տեղի չի տա հավանական թուրքական ճնշումներին»,- ասել է նա:

Այնուամենայնիվ՝ Թագավորական գրադարանի տնօրեն Էրլանդ Քոլդինգ Նիլսենը հերքել է խոսակցությունները, թե որոշումը կայացվել է Թուրքիայի ճնշման տակ:

«Ոչ ոք չի կարող մեզ վրա ճնշում գործադրել, և մենք չենք խոսում հայկական ցուցահանդեսի փակման մասին: Մենք պարզապես հնարավորություն ենք տվել` ներկայացնելու իրենց այլընտրանքային ցուցահանդեսը»,- ասել է Նիլսենը:

Դեռևս հայտնի չէ, թե երբ է բացվելու թուրքական ցուցահանդեսը, սակայն Թուրքիայի դեսպանատունը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Թողնել պատասխան

Back to top button