Միջազգային

Ռուսաստանը ֆինանսավորում է թուրքական ԱԷԿ- ի կառուցումը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելեց Թուրքիա: Այստեղ ի թիվս այլ ստորագրված փաստաթղթերի ու հայտարարությունների,  Վլադիմիր Պուտինը Անկարայում հայտարարեց, որ Ռուսաստանն ամբողջությամբ կֆինանսավորի Թուրքիայում «Ակկույու» ատոմակայանի ստեղծման նախագիծը, որը կազմում է ավելի քան 20 մլրդ դոլար:
Հայ վերլուծաբաններն ու թուրքագետները փորձում են   գտնել հարցերի պատասխանները, թե ինչ կփոխվի հայ-ռուսական հարաբերություններում Պուտինի հայտարարությունից հետո: Թուրքագետ Լևոն Հովսեփյանը չի կիսում այն կարծիքը, որ Թուրքիան կարող է որևէ կերպ ազդել Ռուսաստանի՝ Հայաստանի ատոմակայնում ներդրումներ կատարելու ցանկության վրա:
«Ինչ վերաբերում է,  ընդհանուր առմամբ, ատոմակայանի գործարքին, դա երկու պետությունների շահերով պայմանավորված գործարք է, և ուղղակի կապ ես չեմ տեսնում  Հայաստանի, Հայաստանի անվտանգության ու  Հայաստանում կառուցվելիք նոր ատոմակայանի հետ»։
Ռուսաստանը Հայաստանում ու Թուրքիայում  զուգահեռ կարող է ատոմակայաններ կառուցել, սրանք մեկը մյուսին չեն հակասում, կարծում է միջազգային հարաբերությունների մասնագետ  Մենուա Սողոմոնյանը՝ միաժամանակ պարզաբանելով՝  այդ դեպքում Թուրքիան Ռուսաստանին պարզապես պայմաններ պետք է թելադրի, որը քիչ հավանական է, այդուհանդերձ, բազմաթիվ շահեր կարող  են բախվել։

«Բազմաթիվ հայ-թուրքական հակասություններ կարող են առաջանալ, մանավանդ, որ այստեղ լուրջ տնտեսական փոխկապակցվածության մասին է խոսքը, որը կամաց-կամաց փոխկապակցվածությունից կարող է վերածվել փոխկապվածության»:
Հիշեցնենք, որ Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության   աշխատանքները սկսվել են դեռևս 2009թ.-ին, սակայն ճապոնական ատոմակայանի՝  Ֆուկուսիմայի  վթարից հետո որոշ շտկումներ մտցվեցին: Հայաստանում ատոմային նոր բլոկը կառուցվելու է ռուսական տեղակայանքով` ռուսական արտադրության կղզյակով: Ատոմակայանի գլխավոր կապալառուն ռուսական ընկերություն է: Հիմնական ներդրող կարող է լինել նաեւ «Ռոսատոմը»։
Իսկ ընդհանրապես անդրադառնալով Ռուսաստանի նախագահի՝  Թուրքիա կատարած այցին ու ձեռք բերված համաձայնություններին,  նշվեց, որ այցը բավականին բարդ ժամանակաշրջանում կայացավ, երբ  երկու երկների միջև առկա են հանգուցային ու բարդ խնդիրներ՝   Սիրիայում ընթացող զարգացումներ, ապա նաև Թուրքիայի տարածքում հակաօդային պաշտպանության համալիրների տեղակայման խնդիրներ:
«Այցը վերջնականապես չնպաստեց կողմերի միջև հանգուցային խնդիրների հետ կապված դիրքորոշումների, մոտեցման կամ համաձայնության եզրեր գտնելուն։ Համենայնդեպս՝ ներկա պահին»,- ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Ռուս-թուրքական հարաբերությունները մեծապես  պայմանավորված են  առևտրա- տնտեսական կապերով : Երկու երկրները գոնե կարճաժամկետ հատվածում փորձում են առավելագույնն օգտվել միմյանցից, կարծում է նա։

Թողնել պատասխան

Back to top button