ԿարևորՀասարակություն

Հայաստանը նաեւ երկրաբանական թանգարան է բաց երկնքի տակ, բայց ո՞վ գիտի

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Բացի եկեղեցիներից ուրիշ բան չունե՞ք. այս հարցն հաճախ են տվել ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող Հայկ Մելիք-Ադամյանին դեռ զբոսաշրջային գործակալությունում աշխատելու ժամանակ: Սա խոսում է նրա  մասին, որ զբոսաշրջային ուղեցույցներում Հայաստանը համաչափ չի ներկայացված։
Լավ են ներկայացված միայն պատմական հուշարձանները, մինչդեռ երկրաբանական տեսակետից գրեթե անդրադարձ չկա, ասում է Մելիք-Ադամյանը:
Հայաստանը նաև երկրաբանական՝ բնության հուշարձանների բաց թանգարան է, սակայն չի գովազդվում: Այնինչ երկրաբանը նկատում է, որ բնության հուշարձանների իր հագեցվածությամբ և բազմազանությամբ Հայաստանը կարող է մրցակցել Ուկրաինայի հետ, երբ նրանց տարածքը 600 000 քառ. կմ է, իսկ մերը՝ Արցախի հետ միասին ընդամենը 45 հազ քառ. կմ։
Հայկ Մելիք-Ադամյանը օրինակ է բերում Գառնիի «Քարերի սիմֆոնիան», որը Հայաստանում միակը չէ, մինչդեռ, ըստ նրա, Ուկրաինայում այդ նույն բնության հուշարձանից մի տեղ կա, և այն, ի տարբերություն Հայաստանի, սրբորեն պահպանվում է: Գառնիի «Քարերի սիմֆոնիայի» նման սյունաձև բազալտներ կան նաև Տավուշի և Լոռու մարզերում, որոնց տարիքը 100-150 մլն տարի է, իսկ օրինակ Արցախի Սխտորաշեն գյուղի հայտնի «Փնջրիկ» ծառը, որը շուրջ 2000 տարեկան է, աշխարհում միայնակ կանգնած ծառերի տասնյակում է ներառված, սակայն դա էլ որևէ կերպ չի ներկայացվում:
Որպես խնդրի լուծման սեփական տարբերակ Հայկ Մելիք-Ադամյանն առաջարկում է ստեղծել Հայաստանի անկենդան հուշարձանների Կարմիր գիրք: Առաջարկն ավելի վաղ էլ է ներկայացվել: Արձագանքրեր, սակայն, դեռ չկան:

Թողնել պատասխան

Back to top button