ԿարևորՏնտեսական

Կառավարությունը համաձայն չէ մենաշնորհի վերաբերյալ ՀԱԿ գնահատականին

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Խորհրդարանն այսօր ձայների 71 կողմ, 37 դեմ հարաբերակցությամբ ընդունել է 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը: Փաստաթուղթը պաշտպանել են կոալիցոն խմբակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Մյուս խմբակցությունները, ինչպես հայտարարել էին երեկ նախագծի քննարկման     ժամանակ և ինչպես  արձանագրել են այսօր քվեարկությունից առաջ, հաջորդ տարվա ֆինանսատնտեսական փաստաթղթին դեմ են քվեարկել:

Հիշեցնեմ, որ բյուջեի վերջնական տարբերակում առաջարկվում է եկամուտները սահմանել 1 տրիլիոն 32 միլիարդ 800 միլիոն ,  իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 152 միլիարդ 600 միլիոն դրամ:

Խորհրդարանական օրվա երկրորդ կեսին քննարկվեց ՀԱԿ հարցապդումը Հայաստանում հաստատված մենաշնորհների վերաբերյալ: Հայ ազգային կոնգրեսը կարծում է, որ   կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում գերիշխող դիրք գրավող տնտեսվարողների դեմ պայքարելու և վիճակը կարգավորելու ուղղությամբ:  Իսկ վիճակը խմբակցությունը անմխիթար է գնահատում: Հիմնավորումները, ի դեպ, հիմնվում են Տնտեսական  մրցակցության  պաշտպանության  պետական հանձնաժողովի   ուսումնասիրությունների վրա:

«Համաձայն  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական  հանձնաժողովի  ուսումնասիրությունների` 2010  թվականին  41  ապրանքային շուկա, որից 12-ը  պարենային ապրանքների  ապրանքային  շուկաներ,  բարձր  և միջին կենտրոնացված են: Ապրանքային 72  շուկաներում նվազել է մասնակիցնեփրի թիվը», ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Այս ու այլ հիմնավորումներ հաշվի առնելով՝ ՀԱԿ-ը կարծում է, որ կառավարությունը գործուն ջանքեր չի գործադրում եւ անհրաժեշտ   է  համարում,  որ   կառավարությունը Ազգային ժողովին պարզաբանի ՝ունի՞ արդյոք հակամենաշնորհային  քաղաքականություն և մշակվա՞ծ է արդյոք  խնդրի լուծմանն  ուղղված  օրենսդրական  փոփոխությունների փաթեթ:

Կառավարությունը, ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթայնի, իհարկե չի կարծում, թե ոլորտում խնդիր չկա, բայց և համաձայն չէ որակումներին, որոնցով իրավիճակը բնութագրում է ՀԱԿ-ը: Որպես հիմնավորում նշում է միջազգային կառույցների մի շարք այլ վարկանիշներ, որոնք առաջընթացի մասին են վկայում:

Կaռավարությունը օրենսդրական քայլեր ձեռնարկել է և պատրաստվում է շարունակել դրանք: Ըստ Տիգրան Դավթյանի՝ օրինագծերից մեկն էլ արդեն արժանացել է կառավարության հավանությանը և շուտով կներկայացվի խորհրդարանի դատին:  Կառավարության ներկայացուցիչը ՀԱԿ-ին հրավիրեց մասնակցել այդ օրինագծի քննարկումներին և փորձել դրանում ներառել այն առաջարկները, որոնք ունի խմբակցությունը:

Անկախ հանգամանքից, կմասնակցի ՀԱԿ-ը կառավարության նախագծի մշակմանը թե՝ ոչ, խմբացության կողմից ներկայացված հակամենաշնորհային միջոցառումների  փաթեթը, որպես որոշման նախագիծ, քվեարկության կդրվի վաղը:

Ըստ ԱԺ կանոնակարգի՝ խմբակցությունը յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում մեկ անգամ կարող է հարցապնդումով դիմել կառավարությանը , պարզաբանումներ ստանալ բարձրացված խնդրի վերաբերյալ,  կարող է նաև պնդել, որ ԱԺ-ն հարցապնդման վերաբերյալ իրավասու պետական կառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց առաջարկություններ ներկայացնելու մասին որոշում ընդունի:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button