

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Խորհրդարանն այսօր ձայների 71 կողմ, 37 դեմ հարաբերակցությամբ ընդունել է 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը: Փաստաթուղթը պաշտպանել են կոալիցոն խմբակցությունները՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Մյուս խմբակցությունները, ինչպես հայտարարել էին երեկ նախագծի քննարկման ժամանակ և ինչպես արձանագրել են այսօր քվեարկությունից առաջ, հաջորդ տարվա ֆինանսատնտեսական փաստաթղթին դեմ են քվեարկել:
Հիշեցնեմ, որ բյուջեի վերջնական տարբերակում առաջարկվում է եկամուտները սահմանել 1 տրիլիոն 32 միլիարդ 800 միլիոն , իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 152 միլիարդ 600 միլիոն դրամ:
Խորհրդարանական օրվա երկրորդ կեսին քննարկվեց ՀԱԿ հարցապդումը Հայաստանում հաստատված մենաշնորհների վերաբերյալ: Հայ ազգային կոնգրեսը կարծում է, որ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում գերիշխող դիրք գրավող տնտեսվարողների դեմ պայքարելու և վիճակը կարգավորելու ուղղությամբ: Իսկ վիճակը խմբակցությունը անմխիթար է գնահատում: Հիմնավորումները, ի դեպ, հիմնվում են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունների վրա:
«Համաձայն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունների` 2010 թվականին 41 ապրանքային շուկա, որից 12-ը պարենային ապրանքների ապրանքային շուկաներ, բարձր և միջին կենտրոնացված են: Ապրանքային 72 շուկաներում նվազել է մասնակիցնեփրի թիվը», ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Այս ու այլ հիմնավորումներ հաշվի առնելով՝ ՀԱԿ-ը կարծում է, որ կառավարությունը գործուն ջանքեր չի գործադրում եւ անհրաժեշտ է համարում, որ կառավարությունը Ազգային ժողովին պարզաբանի ՝ունի՞ արդյոք հակամենաշնորհային քաղաքականություն և մշակվա՞ծ է արդյոք խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթ:
Կառավարությունը, ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթայնի, իհարկե չի կարծում, թե ոլորտում խնդիր չկա, բայց և համաձայն չէ որակումներին, որոնցով իրավիճակը բնութագրում է ՀԱԿ-ը: Որպես հիմնավորում նշում է միջազգային կառույցների մի շարք այլ վարկանիշներ, որոնք առաջընթացի մասին են վկայում:
Կaռավարությունը օրենսդրական քայլեր ձեռնարկել է և պատրաստվում է շարունակել դրանք: Ըստ Տիգրան Դավթյանի՝ օրինագծերից մեկն էլ արդեն արժանացել է կառավարության հավանությանը և շուտով կներկայացվի խորհրդարանի դատին: Կառավարության ներկայացուցիչը ՀԱԿ-ին հրավիրեց մասնակցել այդ օրինագծի քննարկումներին և փորձել դրանում ներառել այն առաջարկները, որոնք ունի խմբակցությունը:
Անկախ հանգամանքից, կմասնակցի ՀԱԿ-ը կառավարության նախագծի մշակմանը թե՝ ոչ, խմբացության կողմից ներկայացված հակամենաշնորհային միջոցառումների փաթեթը, որպես որոշման նախագիծ, քվեարկության կդրվի վաղը:
Ըստ ԱԺ կանոնակարգի՝ խմբակցությունը յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում մեկ անգամ կարող է հարցապնդումով դիմել կառավարությանը , պարզաբանումներ ստանալ բարձրացված խնդրի վերաբերյալ, կարող է նաև պնդել, որ ԱԺ-ն հարցապնդման վերաբերյալ իրավասու պետական կառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց առաջարկություններ ներկայացնելու մասին որոշում ընդունի: