ԿարևորՀասարակություն

Դադարեցնել Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը. ԱՄՆ Կոնգրեսին այսպիսի կոչով է դիմել դեմոկրատ Ադամ Շիֆը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովի անդամ, դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ, կոչ է արել Սենատի և իր հանձնաժողովի գործընկերներին` դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Լուրը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Ադամ Շիֆը նման կոչով մի քանի նամակ է հղել սենատորներ Պատրիկ Լիհիին և Լինդսի Գրեհամին, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեյ Գրենջերին և Նիտա Լոուիին:

Նամակներում մասնավորապես նշված է. «Ադրբեջանն իրականացրել է արդարության ամենասարսափելի տապալումը՝ սառնարյուն մարդասպանին հերոսացնելով։ Ուստի, պարզից էլ պարզ է, որ այն բոլոր ներդրումները, որ մենք արել ենք Ադրբեջանի զինված ուժերում, իրականում գումարի զուր վատնում է եղել։ Միացյալ Նահանգներն այլևս չպետք է հանդուրժի ագրեսիայի որևէ դրսևորում Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Իսկ նախագահ Ալիևի՝ ատելությամբ լցված գործողություններն էլ ձախողում են միջազգային հանրության բոլոր ջանքերը տարածաշրջանում առկա խնդրին խաղաղ լուծում տալու համար», մեջբերման ավարտը: Իր նամակում կոնգրեսականը նաև ընդգծել է, որ «Ադրբեջանը պետք է շատ բարձր գին վճարի իր գործողությունների համար»։

Ադամ Շիֆը համոզված է, որ դադարեցնելով Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը՝ Վաշինգտոնն իր նողկանքը կարտահայտի Սաֆարովի գործի հետ կապված: Նշենք, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր աջակցությունն է հայտնել կոնգրեսականի կոչին։ «Սաֆարովի սկանդալը մեզ մի բան է սովորեցրել. եթե պաշտոնական Վաշինգտոնը շարունակելու է ֆինանսավորել ու զինել Ադրբեջանի ռազմական ուժերը, ապա այդ դեպքում ԱՄՆ-ի կառավարությունը պետք է օգտագործի իր աշխարհաքաղաքական բոլոր լծակները, որպեսզի արգելափակի Բաքվի՝ ամբողջ Կովկասը կրկին պատերազմի մեջ ներքաշելու անսանձ ցանկությունը»,-հայտարարել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Թողնել պատասխան

Back to top button