ԿարևորՔաղաքական

Ո՞վ պետք է հաղթեր Աժ լրացուցիչ ընտրություններում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Կիրակի օրը տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունների թեման է այսօր քննարկվել «Հայելի» մամուլի ակումբում: Ժառանգություն կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի գնահատմամբ` Երեւանի թիվ 1 ընտրատարածքի ընտրություններում հաղթեց վարչական ռեսուրսը: Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, սակայն, նկատել է, որ զարմանալի ոչ մի բան չկա, երբ ընտրություններում հաղթում է ուժեղ թիմի թեկնածուն: Թիվ 1 ընտրատարածքում անցկացված ընտրությունների մասին շատ գրվեց` վարչական ռեսուրսների օգտագործումից սկսած` նկատում է Անահիտ Բախշյանը` հավելելով, որ ինքը, սակայն, որոշել է այլեւս վատ բան չավելացնել ասվածին: Անահիտ Բախշյանը զարմացած է, որ ընտրություններին արձանագրվեց հասարակական պասիվություն: Նա շեշտեց, որ Ժառանգության թեկնածու Ստեփան Սաֆարյանի մրցակցին ոչ ոք չէր ճանաչում եւ նրա միակ առավելությունը Երևանի քաղաքապետի աներձագ լինելն է: Բախշյանի ձեւակերպմամբ` դա խոսում է իշխանության թուլության մասին:

Հակադարձելով Անահիտ Բախշյանին` հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, թե զարմանում է ընդդիմության զարմանքի վրա: Բնականաբար, իշխող ուժն ավելի մեծ հնարավորություններ ունի, ընտրությունները մի համայնքում էին, որտեղ քաղաքապետն աշխատել է որպես համայնքի ղեկավար և նրա աներձագը լինելը մեղք չէ` նկատեց Մարգարիտ Եսայանը: «Տեղի են ունեցել նորմալ ընտրություններ, և ընտրությունների արդյունքում հաղթել է նա, ով ավելի ուժեղ է եղել: Ավանում ՀՀԿ կառույցն ավելի ուժեղ է, և պետք է հաղթեր ՀՀԿ թեկնածուն»:

Պետք չէ զարմանալ, որ ընտրվել է ամենաուժեղ քաղաքական թիմի թեկնածուն` հավելեց Մարգարիտ Եսայանը:
Անդրադառնալով ընտրողների պասիվության խնդրին` Անահիտ Բախշյանը կարծիք հայտնեց, թե կա հիասթափություն: Նա կիսեց դիտարկումը, որ դրան նպաստում է նաեւ ընդդիմությունը: Անահիտ Բախշյանի ձեւակերպմամբ` մեր երկրում իշխանությունն ու ընդդիմությունն իրար լրացնում են, բայց այդ լրացումը լիարժեք չէ: Ընդդիմությունը պիտի լինի հենարանը, օրգանիզմի նյարդային համակարգը, բայց դա այդպես չէ` կարծիք հայտնեց Անահիտ Բախշյանը: Մարգարիտ Եսայանի ձեւակերպմամբ էլ այսօր քաղաքացիական հասարակությունն ավելի ուժեղ է, քան ընդդիմադիր քաղաքական ուժերը:

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ ներկայիս տարօրինակ սպասումների մասին հարցին` հանրապետական պատգամավոր Անահիտ Եսայանը հիշեցրեց, որ ՀՀԿ-ն ունի իր թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը և սպասելու խնդիր չունի: Սպասումների մեջ են մյուս քաղաքական ուժերը, որոնց առաջադրել-չառաջադրելու հարցը Հանրապետականի համար, այսպես ասած, ոչ տաք է ոչ էլ սառը: Ակնհայտ է, որ մնացած առաջադրվելիք թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար` հավելեց Մարգարիտ Եսայանը: Ժառանգության ներկայացուցիչ Անահիտ  Բախշյանի խոսքով, սակայն, լավատեսության հիմքեր չկան, քանի որ խոսքերը գործի չեն վերածվում: Մարգարիտ Եսայանը նույնպես համաձայն էր, որ պետք է ոչ թե խոսել ավելի շատ, այլ` գործ անել: Նա շեշտեց, որ հենց այդ գործի արդյունքում է, որ հանրապետականի թեկնածուն վերընտրվելու է, իսկ առաջիկա տարիներին Հայաստանի քաղաքացիներն էլ շատ ավելի լավ են ապրելու:

Թողնել պատասխան

Back to top button