ԿարևորՀասարակություն

Ճարտարապետ.«Հին Երևան» նախագծի հուշարձանների տեղափոխումը չարյաց փոքրագույնն է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ ու իր դիտարկումները ներկայացրել Երևանում իրականացվող բազմահարկ շենքերի շինարարությունների վերաբերյալ: Ճարտարապետը նշել է, որ քաղաքը զարգացող օրգանիզմ է, ուստի հնարավոր է, որ հատակագծից մի փոքր շեղումներ լինեն, սակայն բացահայտ շեղումները երբեմն բերում են քաղաքի աղճատմանը, ինչպես մենք այսօր տեսնում ենք Երևանում,- հայտարարել է ճարտարապետների միության նախագահը: Նա նաև նկատել է, որ Աֆրիկյանների տան ու ընդհանապես Հին Երևան նախագծի շրջանակներում կատարվող հուշարձանների տեղափոխումը չարյաց փոքրագույնն է: «Լավ բան չէ, երբ հուշարձանները մի վայրից մյուսն ենք տեղափոխում, բայց որպեսզի Հին Երևանը հիշեցնող փոքր միջավայր ստեղծվի, ստիպված պետք է տեղափոխեն: Դա իհարկե հուշարձան պահելու ձև չէ,- ասել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, նաև այն քաղաքն է, որը հատկապես վերջին տարիներին հանրությանը հայտնի է որպես դեպի երկինք սլացող բազմահարկ շենքերի ու շինությունների պակաս չունեցող մայրաքաղաք: Այն, որ քաղաքը զարգացող օրգանիզմ է , որևէ մեկի համար գաղտնիք չէ, և որևէ մեկն էլ չի չի ժխտում այդ փաստը:
«Մի փոքր շեղումներ հնարավոր է լինեն, բացահայտ շեղումները երբեմն բերում են քաղաքի աղճատմանը, ինչպես մենք այսօր տեսնում ենք Երևանում»,- սա Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի գնահատականն է: Ճարտարապետը նրա հետ նաև մենք բոլորս համոզված ենք՝ կառուցախպատողի առջև դրվող խնդիրներից թերևս ամենակարևորը մարդկանց բնակության համար ապահով ու ոչ ապօրնի շենքերի կառուցումն է: Հակառակ դեպքում վատթարագույնն անխուսափելի է, ամենաթարմ օրինակը մեկ ամիս առաջ Խանջյան 20 հասցեում տեղի ունեցած փլուզումն էր»: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյան.«Օղակաձև զբոսայգու այդ տեղում, որտեղ թույլատրված էր մեկ հարկանի, հարթային կառույց, բոլորի աչքի դեմ, կառուցեցին մեծ թռիչքներով չորսհարկանի կառույց: Եվ այդ կառույցը, քանի որ հապշտապ էր կատարվում, քանի որ կատարվում էր, ոչ շինթույլտվություն ունենալով, քանի որ կատարվում էր արագ հանձնելու համար, և կարծես թե ոչ մեկը չէին տեսել, փլուզումից հետո պարզվեց, որ բոլորը տեղյակ էին, որ դա համարյա անօրինական կառույց է, չի ունեցել շինթույլտվություն»:

Բնակֆոնդի հետ կապված խնդիրների մասին ևս բարձրաձայնում է ճարտարապետների միության նախագահը: Կառույցները հետաքրքիր են, սակայն, երբևէ վերակառուցման չենթկարվելուվ, գտնվում են վթարային վիճակում: Մկրտիչ Միանսյանը գիտի նաև՝ բնակֆոնդը վերականգնելու համար նաև ֆինանսներ են անհրաժեշտ: Հասկանում է նաև, որ շատ հաճախ կառուցապատողները ներդրումներ են կատարում ու իրենք էլ որոշում են, թե որտեղ ինչ կառուցեն՝ ներդրումները պետք է նպատակաուղղված լինեն, դրանք չպետք է միայն ներդրողների շահերը պաշտպանեն,-ասում է ու հավելում՝ դրանք պետք է քաղաքի ու քաղաքացու շահերը պաշտպանեն: Հակառակ դեպքում՝ «կլինի որ մենք մի կողմից միայն ու միայն պահպանում ենք սեփականատարերի շահերը, աչքաթող անելով քաղաքի համար այդքան կարևոր խնդիրներ»:

Ճարտարապետը ցավով է նկատում, որ ոչ մի զբոսայգում, Սիրահարների այգուց բացի, ժամանակավոր փայտե սրճարանները վերածվում են բետոնյա կմախքներով կառույցների, մինչդեռ պետք է հակառակը լիներ՝ այգիներն ազատվեին նման կառույցներից ու մարդկանց ազատ զբոսնելու հնարավորություն տրվեր: Մարզերում նույնպես գրեթե նույն խնդիրների հետ ենք հանդիպում: Ճարտարապետների միության նախագահը նկատում է, որ աշխարհի և ոչ մի երկրի զբոսաշրջիկի նոր շենքերը չեն հետաքրքրում, նրանք այցելելով այս կամ այն երկիր ու քաղաք , ցանկանում են դրանց պատմության հետ ծանոթանալ: Մինչդեռ մենք այնքան էլ լավ չենք վարվում հնությունների հետ:

Այսօր Պարոնյան փողոց թիվ  4ա շենքի  բնակիչները բաց նամակով դիմել էին հանրապետության նախագահին ու վարչապետին: Նրանք նշում էին, որ Գրեթե երկու տարի է ինքնակամ` առանց համապատասխան իրավական և քաղաքաշինական փաստաթղթերի, շինություն է իրականացվում Երևանի Ծածկած Շուկայի տարածքում։ Ոչնչացվում է պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձանը, ոտնահարվում են հարակից շենքերի բնակիչների իրավունքները։ Երեկ Ճարտարապետների միության նախագահին նույնպես ահազանգ հասել էր , վերջինս այսօր ասաց, որ նախագծի վերջնական հաստատում դեռ չի եղել, ուստի և այստեղ որևէ աշխատանք չպետք է կատարվեր:
Ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը նկատեց նաև, որ ի տարբերություն հատկապես փոքր կենտրոնի, ծայրամասերը անմխիթար վիճակում են գտնվում, ունեն խնդիրներ, որոնք շատ ավղուց են գալիս, դրանք միանգամից լուծել հնարավոր չէ, սակայն, պետք է քաղաքականություն մշակել ու աստիճանաբար դրանք վերացնել:

Թողնել պատասխան

Back to top button