ԿարևորՀասարակություն

Գագիկ Հարությունյան.Դատավարություններում երրորդ կողմի մասնակցությունը կնպաստի իրական հակակշռի ձևավորմանը

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Հայաստանի փաստաբանների պալատի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ այսօր Երևանում անցկացվել է քննարկում` «Երրորդ կողմի մասնակցությունը ներպետական և միջազգային դատավարություններում, Հայաստանում amicus curiae/ամիկուս կուրիա/ ներկայացնելու մշակույթը և զարգացումները» թեմայով: Amicus curiae թարգմանաբար նշանակում է դատարանի բարեկամ, որը հանդիսանալով երրորդ կողմ` դատարանին ներկայացնում է արժեքավոր իրավական փաստարկներ: Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը կարևորել է այս` երրորդ կողմի կարծիքի ինստիտուտի կայացումն ու զարգացումը մեր երկրում, քանի որ այն միջազգային պրակտիկայում համարվում է լրացուցիչ երաշխիք մարդու իրավունքների պաշտպանության հարցում, նպաստում է դատական որոշումների արդյունավետության բարձրացմանը:

Փաստաբանների պալատի խորհրդին առընթեր Գիտավերլուծական կենտրոնը 2010-ի վերջին սկսելով գործունեությունը, 3 եզրակացություն է ներկայացրել Սահմանադրական դատարան, 2011-ին պատրաստել է 31, 2012-ին` 13 եզրակացություն, որոնք հասցերագրված են եղել ոչ միայն ՍԴ-ին: Միջպետական դատավարություններում կենտրոնն ունեցել է երկու միջամտության փորձ, երկուսն էլ անհաջող: Դեպքերը վերաբերել են ազատագրված տարածքներում իրավունքի խախտմանը: Եվրոպական դատարանը 2-ի դեպքում էլ մերժել է կենտրոնի միջնորդությունը: Գիտավերլուծական կենտրոնում ենթադրում են, որ մերժման պատճառը խնդրի` ոչ այնքան չեզոք իրավական լինելու մեջ էր:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կենտրոնի եզրակացությունների մակարդակը բարձր է գնահատել` հավելելով, «Դատավարություններում երրորդ կողմի մասնակցությունը կնպաստի իրական հակակշռի ձևավորմանը` լուրջ բեկում մտցնելով դատական իշխանության ոլորտում»:

Թողնել պատասխան

Back to top button