Հասարակություն

Հայաստանում աղանդագետների կարիք կա

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Պետության կողմից հատուկ մասնագետներ` աղանդագետներ պետք է  պատրաստվեն` քայքայիչ աղանդների դեմ ավելի արդյունավետ պայքար մղելու համար, կարծում է Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։ Նա առաջարկում է` 90-ականների մութ տարիներին Հայաստանում իրենց «մութ» գործը ծաղկեցրած աղանդավորական շարժումների դեմ պայքարը միայն եկեղեցունը չէ: Անհրաժեշտ օրենքն էլ դեռ իրեն սպասել է տալիս: Ալեքսանդր Ամարյանը, ով հաճախ է առնչվում աղանդներից տուժածների հետ, ընդգծում է` աղանդներից յուրաքանչյուրը վտանգավոր է յուրովի, բոլորն էլ սադրիչ քարոզիչներ ունեն:
Եհովայի վկաները վտանգավոր են իրենց մեծ թվով, ֆինանսական գրավչությամբ: Մորմոններն անձանց ներգրավելու թվի խնդիր չեն լուծում: Նրանք խոշոր երկրների, կոնկրետ Միացյալ Նահանգների համար ինֆորմացիայի աղբյուր են, ու իրենց առաքելությունից հետո պետական բարձր պաշտոնների են արժանանում:
Ավետարանականներին մեր եկեղեցին աղանդ չի համարում, սակայն նրանք եւս գործում են աղանդակերպ` հոգեւորսությամբ են զբաղվում: Եթե եհովականները չեն խուսափում ասել, որ իրենք աղանդավոր են, ապա շատ աղանդներ ծպտված են գործում` ներկայանում որպես հասարակական, բարեգործական կազմակերպություն, հիմնադրամ կամ, որքան էլ զավեշտալի է, մեր եկեղեցուն քույր եկեղեցու ներկայացուցիչ են իրենց ներկայանում:
Չնայած նշվածին` աղանդների ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, իրենց վերագրում են ճնշվածի դերը: Եվրոպական դատարանում, օրինակ, Եհովայի վկաները զոհի կերպար առած դժգոհում են, թե իրենց ստիպում են ծառայել հայոց ազգային բանակում` իրենց կամքին հակառակ: Սակայն նույն այդ «զոհերը» հրաժարվում են նաեւ իրենց առաջարկված «այլընտրանքային ծառայությունից», հրաժարվում են բանակում այլ գործեր կատարելուց` դա համարելով նվաստացուցիչ։
Այս տխուր վիճակագրությունն ու մտահոգիչ իրականությունը բարելավելու ուղղությամբ մեր օրենսդրական դաշտում խմբագրումներ են անհրաժեշտ. գտնում են հարցով մտահոգ կողմերը: Միաժամանակ` մի ուշագրավ փաստ. որքան էլ Եհովայի վկաների քայքայիչ պաշտամունքի ցանցում մեծանում է զոհերի թիվը, վիճակագրությունը փաստում է` ամեն տարի Հայաստանում եհովական է դառնում 1000 մարդ, որից հետագայում 400-600-ը դուրս է գալիս նույն այդ ճահճից։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button