ԿարևորՀասարակություն

Տարածքային կառավարման նախարարությունն առաջինն է, ՀՌԱՀ-ը` վերջինը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի պետական կայքերի հերթական մոնիթորինգի արդյունքներն է այսօր լրագրողներին ներկայացրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Հենվելով մոնիթորինգի արդյունքների վրա` Աշոտ Մելիքյանը գնահատել է նաեւ պետական կայքերի տեղեկատվական թափանցիկության մակարդակը: Ըստ նրա` փուլ առ փուլ նկատվում է բարելավում, սակայն կարեւորն այն է, որ այդ միտումը շարունակվի:

Խոսելով ՀՀ պետական մամինների տեղեկատվության թափանցիկության խնդիրների մասին` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ իրենք մոնիթորինգ են անցկացրել երկու փուլով: Արդյունքները տարին երկու անգամ ներկայացվում են հանրությանը: Այսօր նա հրապարակեց երկրորդ փուլի արդյունքները, որը ներառում է օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը: Ի տարբերություն անցած տարվա` այս տարի ուսումնասիրվել է 52 կայք` փոխանցեց Աշոտ Մելիքյանը` տեղեկացնելով նաեւ, որ դրանք պայմանականորեն իրենք բաժանել են 3 խմբի: Առաջին խմբում գերատեսչությունների եւ հարակից մարմինների կայքերն են, երկրորդում` 10 մարզպետարանների կայքերը եւ երրորդ խմբում են ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, ՍԴ-ի, դատախազության, Երեւանի քաղաքապետարանի եւ մարդու իրավունքների պաշտպանի կայքերը:

Երկրորդ փուլի արդյունքներով ռեյտինգային աղյուսակում 1-ին տեղն զբաղեցնում է Տարածքային Կառավարման Նախարարությունը: Այս նախարարությունն իր դիրքերը պահպանել է առաջին փուլից հետո: Երկրրոդ հորիզոնականում Արդարադատության նախարարության կայքն է, որը մեծ առաջընթաց է արձանագրել, իսկ երրորդ տեղում Միջրացիոն պետական ծառայության կայքն է, որն, ի դեպ, անցած անգամ չի ուսումնասիրվել: Թափանցիկության առումով, Աշոտ Մելիքյանի խոսքով, ամենավատ վիճակն արձանագրվել է ՀՌԱՀ-ի կայքում: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի փոխանցմամբ` կան ընդհանուր բացթողումներ, որոնք առկա են բոլոր կայքերում: Խոսքը, մասնավորապես, բյուջեի ծախսերի հետ կապված տեղեկատվության բացակայության մասին է, ինչը կոմիտեն արձանագրել է գրեթե բոլոր կայքերում: Կոմիտեի ղեկավարը կարծում է, որ սա կարեւոր է եւ պիտի շտկվի: Աշոտ Մելքիքյանի ձեւակերպմամբ` ընդհանրապես կայքերում փուլառփուլ բարելավում է նկատվում, սակայն կարեւորն այն է, որ այդ միտումը շարունակվի:

Թողնել պատասխան

Back to top button